Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը 2015թ.

  «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում դեռ մնացած, իրավիճակի վրա ազդելու ցանկություն ունեցող, այլ ոչ թե դրա հետ համակերպվող մեծ թվով մարդիկ, որոնք եկել են քննարկելու երկրի առաջ կանգնած պրոբլեմը, նոր քաղաքական ուժի ձևավորումը, որոնելու լուծումներ, ներկայացնելու առաջարկներ: Իհարկե, փորձ է արվել օդում առկախված մի շարք հարցեր քննարկել և դրանցից մեկը` որքանո՞վ է նպատակահարմար, թվում է թե բազմաթիվ գոյություն ունեցող քաղաքական կուսակցությունների գոյության պայմաններում, ստեղծել ևս մեկ նոր քաղաքական ուժ:

  Իրականում գրանցված և թղթի վրա գոյություն ունեցող մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություն հանդիսացող իրավաբանական անձանց շրջանակներից, բոլորս գիտենք, որ խորհրդարանում գործում են ընդամենը մի քանիսը, ևս մի քանիսը իրականում գործունեություն են ծավալում արտախորհրդարանական դաշտում, այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք բավարարված է մեր խիստ քաղաքականացված( լավ է թե վատ, բայց այդպես է) հանրությունը այն առաջարկով, որը ներկայացվում է քաղաքական միտք գեներացնողների և մատուցողների կողմից, առավել ևս, եթե խոսում ենք սեփական համոզմունքների մեջ տեղավորվող ուրույն և յուրահատուկ քաղաքական գաղափարախոսության մասին, տնտեսական կարգերի ու պետական կառավարման հանդեպ սեփական, յուրովի մոտեցումների վերաբերյալ: Սա մի կողմից. մյուս կողմից խորհրդարանական հարթակում այսօր գործող խմբակցությունների մեծամասնությունը ընդդիմադիր են: Ընդգծում եմ, բացի հանրապետականից խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պաշտոնապես ներկայացնում են ընդդիմությունը: Սակայն որքանո՞վ է ծածկվում ընդդիմադիր քաղաքական առաջարկով քաղաքական դաշտը, սրա պատասխանը ժամանակի խնդիր է, իսկ ձևավորված կարծիք ունեցող մարդկանց համար պատասխանն արդեն տրված է: Եվ վերջապես, անցած տարվա վերջին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց մի յուրահատուկ իրավիճակ, երբ, թերևս առաջին անգամ ոչ քաղաքական, այլ սոցիալական, տնտեսական, իրավական մի լուրջ օրակարգ ձևավորվեց քաղաքական ուժերի կողմից ու ներկայացվեց հանրությանը ոչիշխանական քաղաքական ուժերի միավորման կողմից: Այդ օրակարգը բաղկացած էր յուրաքանչյուրիս, Հայաստանի Հանրապետությունում ապրող և Հայաստանի Հանրապետությունը լքած յուրաքանչյուր քաղաքացուն հուզող, վերաբերող խնդրից, ընդգծում եմ, այդ օրակարգը նախ և առաջ սոցիալական էր, տնտեսական, իրավական, երկրորդ հերթին նոր այն դարձավ քաղաքական, երբ բացի քաղաքական պայքարից որևէ այլ մեթոդ երկրում փոփոխություն իրականացնելու չմնաց: Ինչ տեղի ունեցավ փետրվարին հայտնի է բոլորին: Ցավոք սրտի, ընդդիմադիր, ոչիշխանական քաղաքական ուժերի միավորումը տապալվեց, այնուհետև` ապաակտիվացավ: Հիմա հարց. հաշվի առնելով այս երեք հանգամանքները` արդյո՞ք չկար անհրաժեշտություն համալրելու և ուժեղացնելու ընդդիմադիր քաղաքական դաշտը: Կար՛: Արդյո՞ք չկար անհրաժեշտություն համալրելով, ուժեղացնելով ընդդիմադիր քաղաքական դաշտը, շարունակել ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների միասնաբար սկսած գործը, կա՞ անհրաժեշտություն շարունակելու այդ գործը, թե՞ վերջ, փետրվարից հետո Հայաստանում ամեն ինչ լուծվեց, այլևս չկա՞ 40 %-ոց աղքատություն, չկա՞ սարսափելի գործազրկություն, տնտեսական անկման տեմպերի ինտենսիվությունը դադարե՞լ է, այլևս խնդիր չունե՞նք հուսալքության հետ, Հայաստանի Հանրապետությունը զանգվածայնորեն լքող քաղաքացիների հետ: Իհարկե, կա՛: Եվ այս պարզ, ըմբռնելի հանգամանքները դրդեցին որոշում կայացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքական իրականության մեջ ձևավորելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Առանց առանձնապես խորանալու առկա սոցիալական, տնտեսական և իրավական վիճակի մեջ, որովհետև այն հայտնի է բոլորին, պետք է պարզապես մի քանի հանգամանք նշել, բոլոր բացատրությունները ժողովրդին այսօր առկա պրոբլեմների առթիվ տրվում են հետևյալ կերպ` չկան միջոցներ, կան համաշխարհային տենդենցներ, բացասական երևույթներ, չկա փող, չկա շրջանառություն, չկան հարկեր, աշխարհաքաղաքական դիրքն է դրա վրա ազդում, համաշխարհային տնտեսության անկումն է վիճակի վրա ազդում: Այս պարագայում տրամաբանության մեջ երբեք չի տեղավորվել, թե ինչու են մարդիկ ձգտում պետական կառավարման համակարգում տեղ զբաղեցնել, եթե դա պրոբլեմատիկ հարթակ է, եթե երկրում չկան հնարավորություններ արդյունավետ կառավարելու և, եթե դա չի բերելու բարեկեցություն ո՛չ իրենց, ո՛չ իրենց ընտանիքներին, ո՛չ իրենց շրջապատին, ո՛չ հանրությանն ընդհանուր առմամբ, եթե մենք խոսում ենք տնտեսության մեջ առկա պրոբլեմներից, անմիջապես շատ կոնկրետ անձանցով պայմանավորված, շատ կոնկրետ ծառայությունների, առևտրի, արտադրության, ներկրման հետ կապված մենաշնորհային պատկերներ ենք տեսնում և շատ կոնկրետ զգացողություն ենք ապրում մեր դժվարին կենսակերպի մասով: Եթե երկրում առկա են մենաշնորհներ, որոնց մասին գիտեն բոլորը և եթե երկրում առկա է ստվեր, որի մասին գիտեն բոլորը, եթե երկրում առկա է չարաշահումը, որի մասին գիտեն բոլորը, ուրեմն երկրում կա նաև նյութական բարիք, երկրում կա միջոց, չկա այն արդար բաշխելու ցանկություն կամ հնարավորություն, չկա արդյունավետ կառավարում` սրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Գիտակցության մեջ չի տեղավորվում, միթե՞ դժվար է աշխատանք չունեցող մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, օրինակ ընտանեկան բիզնեսով զբաղվողներին հարկերից բացարձակապես ազատելու միջոցով, որովհետև հակառակ պարագայում ո՛չ աշխատում են մարդիկ, ո՛չ բյուջե գումարներ են գալիս, ո՛չ էլ բացատրությունն է պետական կառավարիչների դառնում ողջամիտ իրենց հարկային վարչարարությամբ մարդկանց խեղդելու առումով: Մի՞թե դժվար է ընկալել մի պարզ տրամաբանություն, որ ավելի լավ է հարկային արտոնություններ տրամադրել փոքր ներդրողներին, բայց մեծ թվով, քան խոշոր ներդրողներին, բայց, մեղմ ասած, շատ սահմանափակ թվով: Եթե կրթական համակարգում կան խնդիրներ, եթե բավարար չեն միջոցները, եթե ուսուցիչն այսօր ստանում է ճիշտ այնքան աշխատավարձ, որքանով կարողանում է ապահովել ուսումնական հաստատություն տնից հասնելն ու հետ վերադառնալը, ինչի՞ են բոլորը ձգտում դառնալ դպրոցի տնօրեն կամ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտոր, եթե առողջապահության համակարգում չկան միջոցներ և պետական դիսպանսերների և հիվանդանոցների պատուհանները պատված են պոլիէթիլենային թաղանթով, ինչու՞ են բոլորը ձգտում դառնալ գլխավոր բժիշկ կամ բկ-ի տնօրեն, եթե չկա շուկա, չկա շրջանառություն Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմաններում միասնական մաքսային դրույքների իջեցման պայմաններում մի շարք ապրանքատեսակների համար ինվոյսային գնի չփոփոխման դեպքում ինչու՞ են բարձրանում այդ իսկ ապրանքների գները, եթե չկա մենաշնորհային կամ գերիշխող բացարձակ դիրք համապատասխան ոլորտներում: Սրանք պարզապես երևույթներ են, որոնք ցույց են տալիս, որ երկրում հնարավորություններ կան դեռևս մնացած 2,5 կամ պաշտոնական տվյալներով երեք միլիոն մարդկանց բավարար կենսակերպը ապահովելու համար: Իհարկե այս ամենը նորություն չէ, իհարկե, բոլորն իրենց վրա շատ լավ զգում են, առկա տնտեսական կառավարման ձևի կամ ավելի ճիշտ գլոբալ չարաշահման դրսևորումը: Լիբերտարիզմի հասնող, այսինքն լիբերալ անարխիայի հասնող մի իրավիճակ, օրենքի և իրավունքի անհամադրելիության, որոշ դեպքերում, կամ մեծամասամբ նաև բացակայության պայմաններում, պետական կառավարման համակարգում որոշումների կայացման դաշտում ազդեցություն ունեցող մարդիկ պարզապես անցկացնում են իրենց առօրյան`մտածելով, թե ի՞նչ գործունեություն են իրականացնում իբրև ազատական համակարգում ապրող երկրի քաղաքացիները, ի՞նչ ձեռնարկատիրություն են իրականացնում, ի՞նչ մի առողջ ոլորտ կա, որտեղ փող է շրջանառվում, որի վրա կարելի է թաթ դնել հարկային վարչարարության տեսքով և փորձել բյուջե ապահովել, ընդ որում փորձել ապահովել բյուջե ոչ թե մարդկանց իսկ կարիքները հոգալու համար, այլ մի քանի տասնյակ հազար դոլարանոց ծառայողական մեքենաներ, ներկայացուցչական ծախսեր, սեփական թիմի բարեկեցությունը ապահովելու համար, գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ անցկացնելու, բիոզուգարաններ գնելու, չարտերային չվերթներ կազմակերպելու, շահած տենդերների կեսը վերադարձնելու համար և այլն: Բյուջետային հոդվածներ են լինում` օրինակ, օդային և ջրային ավազանների մոնիտորինգ իրականացնելու համար, վարչական ապարատի պահպանման ծախսեր հոդվածում ենթակետով այլ ծախսեր ապահովելու համար, բազմաբնակարան շենքերի վրա գեղարվեստական լուսավորություն տեղադրելու համար, և արդյունքում մենք ունենում ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, դե, որովհետև նայում են որտե՞ղ փող կա, փող կա աշխատավարձներում, փող կա առանց այն էլ մեծ դժվարությամբ ստեղծված մի շարք ոլորտներում, որտեղ մարդիկ աշխատում են, հատուցվում են, դե բա ո՞նց կարելի է փայ չմտնել դրան: Լավից, վատից հայաստանցիները ավտոմեքենաներով են երթևեկում, չի կարելի հանգիստ թողնել մարդկանց, անհրաժեշտ է գծագրել ամբողջ քաղաքը կարմիր գծերով և ապահովել մասնավոր ձեռնարկությանը 70 %-ոց գերշահույթ հանրային սեփականություն օգտագործելու պարագայում: Եթե չկա փող, Երևանի քաղաքապետարանն ահռելի ուռճացված ապարատով ու քաղաքային բյուջեով հանդերձ ունակ չէ այդ տարրական գործառույթն իրականացնել ինքնուրույն և այդ 70 %-ը ուղղել բյուջե, որտեղից այդ միջոցները կգնային և՛ սոցիալական փաթեթի ուղղությամբ, և՛ միգուցե աշխատատեղեր ստեղծելու համար, ապա ո՞ւմ է այն պետք: Ինչպես անվանել այն երևույթը, երբ կես միլիոն դոլարից ավելի մի նախարարության կողմից տրվում է համակարգչային մի ծրագրի համար էլեկտրոնային գործառույթներ կարգավորելու, արդիականացնելու նպատակով, որի համարժեք ծրագրերը համացանցում առկա են, ընդամենը անհրաժեշտ է ներբեռնել: Ի՞նչ ձեռնարկություն կարելի էր հիմնել այդ գումարով և քանի՞ մարդ այդտեղ կաշխատեր: Եթե նույն առողջապահական հիմնարկներում օրական հազարավոր մարդիկ, իսկ տարվա կտրվածքով հարյուր հազարավոր մարդիկ, հաշվի առնելով մեր հանրության առողջական վիճակը սպասարկվում են, բերում են գումարներ. շրջանառվում են չէ՞ այդ միջոցները` ո՞ւր են դրանք գնում: Պատասխանն ակնհայտ է:

  Ակնառու է անարդյունավետ կառավարում: Անարդյունավետ կառավարողներն իրենց տեղը պետք է վաղ թե ուշ զիջեն առավել արդյունավետ կառավարում իրականացնելու ունակ ուժերին և անհատներին, համակարգային փոփոխությունների հրամայականը դեռևս ոչ ոք չի չեզոքացրել, ստի ու կեղծիքի պայմաններում այսպես շարունակելը բերում է մի պարզ բանի, սա վերաբերվում է կառավարման կուրսն իրականացնողներին. ոչ թե նրանց այլևս ոչ ոք չի հավատում,այլ արդեն շատ վաղուց, արդեն իրենք չեն կարող ոչ ոքի հավատալ, իսկ նման վիճակը բերում է պարզապես սեփական գոյության նպատակահարմարությունը արհեստականորեն ապացուցելու և հիմնավորելու փորձերի իրագործմանը, ուրիշ ոչնչի:

  Վերը նկարագրվածի առումով քաղաքական դաշտում, կուսակցություններում առանձին-առանձին վերցված և որոշումների կայացման դաշտում հատկապես, որպես պահանջված, առաջնային խնդիր է ոչ այնքան քաղաքական սերնդափոխությունը, որքան մտքի գիտակցության, կամքի, կամային հատկանիշների, հմտությունների, պարկեշտության, ազնվության ու բարության սերնդափոխությունը: Միմիայն դիմացինի տեղը սեփական անձը դնելու ունակություն ունեցող մարդը կարող է հասկանալ, որ ամեն օր առավոտյան աղբանոցներին մոտենում են ոչ թե մուրացկաններ, այլ պարկեշտ, կրթություն ստացած կարգին մարդիկ, որոնք թաքցնելով դեմքերը փորձում են ինչ-որ պիտանի բան գտնել աղբանոցում, ռեստորանում կուշտ կերած երեկոյան փողոց դուրս գալիս մի կերպ իրար եկող մարդուն նկատելու և նրան կարեկցելու համար սիրտ ու հոգի ունեցող մարդիկ են պետք, պետք են ղեկավարներ, որոնք չեն հայտարարում, թե մենք գիտենք 80 %-ը սրան դեմ են, բայց անելու ենք, որովհետև դա ձեր իսկ համար է, դուք չեք գիտակցում, որ դա ձեզ համար է, բայց դա անհրաժեշտ է: Վերջին հաշվով պետք են մարդիկ, որոնք միգուցե չեն վերարտադրի Սենեկայի կամ Շոպենհաուերի ցիտատները, բայց գոնե, որ կա մեծն Շիրվանզադե, ու «Քաոսը» նրա ստեղծագործությունն է, կիմանան:

  Ուստի, «Ալյանսի» ձևավորման նախապայմաններից է կիրթ, պատրաստված, պարկեշտ, ազնիվ, սիրտ ու հոգի ունեցող մարդկանց միավորումը, և սա պետք է ընդունել որպես ուղենիշ, հանրային շահի մեջ սեփական բարեկեցությունը դիտարկելու ունակ մարդկանց միավորման նախապայմանը ևս առաջնայնություն է: Կան դեռ երկրում այնպիսիք, ովքեր հասկանում են` սեփական բնակարանից դուրս կա նաև շքամուտք, կա բազմաբնակարան շենք, կա համայնք, կա քաղաք, կա երկիր և երկրի բարեկեցությունը, բարենորոգումն ու բարգավաճումը ուղղակիորեն կապված է սեփական ընտանիքի կամ անձի հոգևոր ու ֆիզիկական կոմֆորտի հետ:

  «Ալյանս»-ը պետք է իրականացնի քաղաքական սերնդափոխության մեկնարկը, շարունակի ոչիշխանական քաղաքական ուժերի միասնական օրակարգի պահպանումը, պահանջատիրությունը և այն համակարգային փոփոխություններին ուղղված ճանապարհը, որն անդառնալի է: Ելնելով այս ամենից և քաղաքական իրավիճակի պարզ վերլուծությունից ակնհայտ է, որ նոր քաղաքական միավորի ստեղծումը օրվա հրամայական է: Դրանում կա հանրային պատվեր, դրանում կա ընդդիմադիր քաղաքական դաշտը համալրելու ու այն ուժեղացնելու անհրաժեշտություն: Ինչ կստացվի, դեռ կյանքը ցույց կտա, բայց մեկ բան ակնհայտ է` «Ալյանսի» դռները բացվել են պարկեշտությամբ, ազնվությամբ, գիտելիքով ու հմտություններով օժտված մարդկանց համար, ովքեր տիրոջ զգացումով նոր միավորում ստեղծելու, որոշումներ կայացնելու, լուծումների առաջարկներ ներկայացնելու, որոշումների կայացման դաշտում իրենց ազդեցությունը բերելու ցանկություն ունեն: Միայն նման մարդկանց մոբիլիզացնելով, նրանց որոշելու հնարավորություն տալով կարող է երկրում որևէ փոփոխություն ակնկալվել:

«Ալյանս» կուսակցության նախագահ,
ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյան 2015թ.


սպասեք...