Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

2016թ.

Կոալիցիա

  Իշխողներին մարդիկ առհասարակ վերապահումներով են վերաբերվում, շատ դեպքերում `արդարացիորեն բացասաբար, իսկ երբեմն էլ ուղղակի այն պատճառով, որ նրանք իշխում են: Հայաստանյան իրականության մեջ դժվար է հիշել այնպիսի ղեկավարի, կամ իշխանական թիմի, որից բոլորը կամ գոնե իրական մեծամասնությունը գոհ են եղել նրանց իշխանության օրոք: Եղել են այնպիսիք, ում պաշտոնավարումից երկար տարիներ հետո հանրությունը, համեմատելով նրանց տվյալ պահին իշխողների հետ և մոռանալով նախկինների որոշ մեղքեր, նորից վերհիշել է, հայտնվել համապատասխան ընդդիմադիր քարոզչության ազդեցության տակ ու նորովի մեծարել և գովել:

  Այդուհանդերձ, կա իշխանավորի կամ առհասարակ ցանկացած պաշտոնյայի լավը կամ վատը լինելու շատ հստակ չափանիշ: Այն է` ինչպես է նա աշխատում, որքանով է ազնիվ, ինչպիսի որակ և արդյունավետություն է ապահովում: Այսինքն մարդուն ստուգելու լավագույն ձևը նրան պաշտոնի նշանակելն է: Շատ կարճ ժամանակ անց ամեն բան հայտնի է դառնում տվյալ անձի որակների մասին:

  Եղել են այնպիսի գործիչներ, որոնք խստագույնս քննադատել են տվյալ պահին գործող իշխանություններին կամ առանձին պաշտոնյաներին, անդրադարձել են առանձին ոլորտների, բացահայտել խնդիրներ, ներկայացրել սեփական առաջարկներ և այլն: Նրանցից շատերը այնուհետև հանգամանքների բերմամբ զբաղեցրել են պաշտոններ ու դարձել որոշումների կայացման համար պատասխանատու տարբեր աստիճանի անձինք: Եվ հենց դրանից հետո պարզվել է, որ տվյալ մարդու աշխատանքի օգտակար գործողության գործակիցը զրոյական է, ավելի շատ դեպքերում վնասակար: Անարդարության հետ դեմ առ դեմ անզիջուն պայքար մղող քաղաքական գործիչը մեկ էլ տեսնում ես ստացավ պաշտոն, դարձավ լուռ ու հանդուրժող: Կոռուպցիայի դեմ պայքարողը լծակ է ստանում ու դառնում շարքային կաշառակեր, կամ խելոք ու հնարամիտ ճառեր ասողը պետական պաշտոնին նստելուց հետո հանկարծ դառնում է կարծրացած ու դանդաղկոտ բյուրոկրատ, իսկ նախկին ճարպկությունից այլևս ոչինչ չի մնում: Կարելի է ենթադրել միայն մեկ բան` այդ մարդիկ դիմակ են հագնում միմիայն նրա համար, որպեսզի հասնեն պաշտոնների, այլ ոչ թե իրական ցանկություն ունեն որևէ փոփոխություն իրականացնելու: Իհարկե՝ բացառություններով հանդերձ:

  Ահա այս երևույթն է, որ այլանդակության աստիճանի զզվանք է առաջացնում բազմիցս խաբված հանրության մոտ: Ուստի, երբ մարդիկ լսում են, որ որևէ մեկին պաշտոնի են նշանակել, կամ, որ նա ձգտում է դրան, դա առաջացնում է բացասական երանգներով վերաբերմունք տվյալ անձի նկատմամբ: Առավելևս, երբ որևէ ընդդիմադիր համագործակցում է իշխանության հետ պետական կառավարման համակարգում, նրան անմիջապես «որակազրկում» են: Իսկ երբ այդ քայլին է գնում մի ամբողջ քաղաքական ուժ` այն համապատասխանաբար կորցնում է իր ընտրազանգվածն ու արժանանում անխնա քննադատության:

  Իսկ մի՞թե հանրության վերաբերմունքը չի փոխվի, եթե պետական կառավարման համակարգ մտնող մարդը որակյալ աշխատանք կատարի, սպասարկի հանրության շահը, չհամակերպվի անարդարության հետ և իր ոլորտում ու իր լիազորությունների շրջանակներում որակ փոխի համակարգում: Իհարկե կփոխվի, միգուցե ոչ միանգամից, բայց կարճ ժամանակ անց անպայման կփոխվի, ինչից հետո տվյալ անձին հանրությունը պատրաստ կլինի վստահել որոշումների կայացման ավելի լայն դաշտ: Նույնն էլ վերաբերվում է քաղաքական ուժերին: Ի՞նչ պիտի անի ժողովուրդը, երբ մի կուսակցություն հոխորտալով անարգանքի սյունին է գամում իշխանություններին, իսկ հենց հասնում է պետական կառավարման համակարգ` պարզվում է, որ հոխորտում էր միմիայն առևտուր անելու նպատակով ու կերակրատաշտից օգտվելու ցանկությամբ դրդված:

  Մինչդեռ եթե որևէ ընդդիմադիր կուսակցություն կարողանար իշխանությունների հետ բանակցելով, առաջ քաշելով իր անհամաձայնությունը մի շարք հարցերի վերաբերյալ, պահպանելով սեփական դիրքորոշումը, զերծ մնալ հարմարվողականությունից, վարել սեփական քաղաքական կուրսն ու, զբաղեցրած պաշտոններում աշխատելով ապահովել փայլուն արդյունք, ապա ընդամենը մեկ քաղաքական փուլ հետո, այսինքն հաջորդ ընտրություններին այն կարող էր արժանանալ ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեին ու վստահությանը: Ավա՜ղ, այդպես դեռ չի եղել: Որոշ դեպքերում ընդդիմությունը չի համաձայնել առանձին որևէ պաշտոններ ստանձնել պատճառաբանելով, որ միայն ամբողջական իշխանափոխությունից հետո կարելի է որևէ բան փոխել, որոշ դեպքերում նրանք ներկայացրել են էլ ավելի ապաշնորհ ու անկարող կադրեր և արագ վարկաբեկվել:

  Իհարկե հարց է առաջանում` իսկ կարո՞ղ է արդյոք ազնիվ մարդը աշխատել անազնիվ միջավայրում, թույլ կտա՞ն, որ որևէ մեկը կաշառք չվերցնի ու չկիսվի, որ պարտաճանաչ աշխատի, օգնի մարդկանց, պատասխանատվության ենթարկի վատ աշխատող ենթականերին: Այո՛, միանշանակ այո՛, եթե այդ նույն ընդդիմադիրները հենց դա առաջ քաշեն իշխանության առաջ որպես հիմնական պահանջ: Եթե քաղաքականապես ճգնաժամային իրավիճակներում, երբ հեղինակազրկված ու կառավարումը տապալած իշխանությունը ունենում է առողջ ու չվարկաբեկված ուժերի աջակցության կարիք, նրա դեմ առաջ քաշվի ոչ թե կերակրատաշտից օգտվելու պահանջ, այլ մի շարք ոլորտներում բարեփոխումներ, խիստ հսկողություն ու փոփոխություն, այնուհետև արդյունք ապահովելու պահանջ, ապա սեփական թիմում ռեսուրսները սպառած իշխանությունը ուրախությամբ կհանձնի ժողովրդի շրջանում հեղինակություն վայելող ուժին մի շարք պրոբլեմատիկ ոլորտներ: Միևնույն է, իրադարձությունների զարգացման հնարավոր երկու սցենարների դեպքում էլ իշխանությունը շահում է, կամ գոնե չի կորցնում: Մի դեպքում տապալված ոլորտները կարող են առողջ ու աշխատունակ ուժերի ազդեցության արդյունքում ոտքի կանգնել, ինչը իշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած ղեկավարների համար գոնե ժամանակավոր փրկօղակ է, մյուս դեպքում պատասխանատվություն ստանձնած ընդդիմադիրները չեն հաջողի, չեն ապահովի արդյունք ու կտապալվեն: Ցավոք սրտի, մենք մինչ օրս չենք ունեցել այնպիսի դեպք, երբ ընդդիմությունը իշխանության հետ համագործակցել է պահպանելով սեփական սկզբունքները` մնալով ազնիվ, ծառայելով ժողովրդին:

  Հենց այս պատճառով, երբ մարդիկ լսում են իշխանության հետ որևէ ուժի կողմից կոալիցիա կազմելու հավանականության մասին, անմիջապես դրան դասում են դավաճանների շարքին: Պատկերացրեք` ի՞նչ կլինի, եթե որևե առողջ ուժ կարողանա իսկապես մրցակցել իշխանության հետ կառավարման համակարգում և հաղթահարել փորձությունը…

«Ալյանս» կուսակցության նախագահ,
ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյան 2016թ.


սպասեք...