Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

2013թ.

Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ

  Աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների սթափ գնահատականը հանգեցնում է միանշանակ եզրահանգման. իրատեսական չէ միայնակ դիմակայել օբյեկտիվ, թեկուզև որոշ սուբյեկտիվ ուղղվածության գլոբալիզացիոն գործընթացներին։ Ակնհայտ է, որ ինտեգրացիոն գործընթացներում երկրների ներգրավման հեռանկարներն այլընտրանք չունեն։

  Ինտեգրացիոն նախագծերը՝ որպես արդի իրականության օբյեկտիվ գործոններ, տնտեսական աճի լայն հնարավորություններ են բացում շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի որոշակի մեղմացումն ամենևին էլ չի բացառում դրա կրկնությունը։

  Անցած դարի 90-ական թթ. սկզբներին հետխորհրդային հանրապետությունների առջև որոշակի խնդիրներ էին կանգնած՝ քաղաքական և տնտեսական ինքնուրույնության խնդիրները։ Ավելի քան քսան տարի էր անհրաժեշտ, որպեսզի սահմանազատվեին պատկերացվող իրականությունն ու փաստացի իրականությունը, գիտակցվեին ընդհանուր սպառնալիքների առկայությունն ու առանց սահմանների տնտեսական լայն համագործակցության անհրաժեշտությունը։ Ինչի արդյունքում եկավ գիտակցումն այն բանի, որ անհրաժեշտ է միավորվել, թեև դրա համար շատ ժամանակ պահանջվեց, և, հավանաբար, այլևս նպատակահարմար չէ սպասելը։

  Այսօր տեղի ունեցող համաշխարհային գործընթացների սթափ գնահատումը, փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն ու դրանք իրագործելու վճռականությունը հրատապ են դարձնում ջանքերի համադրումը նոր, արդիական միավորման ձևաչափում, որը կարող է գրավիչ դառնալ ինքնիշխան պետությունների համար՝ որպես երկրների միավորում հավասարության և ինքնիշխանության հարգման սկզբունքների հիման վրա։ Այսօրվա իրողությունների համատեքստում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումը, որոնց համար իբրև միավորիչ ուժ հանդես է գալիս տնտեսական շահերի միասնությունը, ճիշտ ժամանակին է։ Ռեցեսիայի և ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում բավական գրավիչ են տնտեսական մերձեցման շահավետությունը, Եվրասիական բանկի և հակաճգնաժամային ֆոնդի ստեղծումը, հեռուստատեսության և ռադիոյի՝ Եվրասիական ասոցիացիա մուտքի հնարավորությունը։

  Այս քննարկումների մասնակից երկրների փոխգործակցության կարևոր ուղղություններից են բարեկամական պետությունների ռազմավարական շահերը փոխադարձաբար հաշվի առնելը, մի շարք չլուծված հարցերի (այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության) լուծման ժամանակ ջանքերը համադրելը։ Եվրասիական միությունը, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը, կառուցվելու է ունիվերսալ ինտեգրացիոն սկզբունքների հիման վրա, որպես Մեծ Եվրոպայի անքակտելի մաս՝ միավորված ազատության, դեմոկրատիայի և շուկայական օրենքների միասնական արժեքներով։ Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵվրԱզԷՍ) անդամակցության որոշումը պետք է լինի ինքնիշխան պետության որոշում՝ ելնելով երկարաժամկետ ազգային շահերից։

  Միևնույն ժամանակ, առկա են մի շարք գործոններ, որոնք դժվարացնում են ինտեգրումը Եվրասիական տարածքում։ Այսպես, 1990-ական թվականներից մեր երկիրը տրանսպորտային շրջափակման մեջ է գտնվում։ Քանիցս ընդգծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդհանուր սահմանի բացակայության փաստը, չի գործում երբեմնի շահութաբեր երկաթուղին (որն իրար էր կապում մեր երկրները), ինչն այսօր Մաքսային միությանն անդամակցությունը պակաս գրավիչ է դարձնում։ Ընդհանուր առմամբ, բաց է մնում հետևյալ հարցը. ի՞նչ հեռանկարներ է խոստանում Հայաստանին մուտքը նոր կազմավորում, որն արդեն ձևավորված միջուկ ունի՝ Մաքսային միությունը. չէ՞ որ մեր երկիրը ՀԱՊԿ ակտիվ անդամ է, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն երկար ժամանակ գործում է առանց վիզայի ռեժիմը։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ նոր միավորումը տնտեսական սուբյեկտների փոխգործակցության խորացման, նրանց միջև կապերի ընդլայնման, լայն ինտեգրման համար իբրև հեռանկար առաջադրում է ընտրության խնդիրը, որը կանդրադառնա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների վրա։

  Վերջին ժամանակներս տարբեր հարցերի լուծման վերաբերյալ դիրքորոշումների մերձեցման ժամանակ հատկապես ընդգծվում է պրագմատիզմը։ Եվ դա հասկանալի է, չէ՞ որ ճգնաժամն առաջին հերթին պարտքային և սոցիալական բնույթ ունի, ինչը չէր կարող չանդրադառնալ մարդկանց սոցիալ-տնտեսական դրության վրա։ Սակայն ցանկացած նախագիծ, որի գերիշխող կողմը դառնում են զուտ տնտեսական հարաբերությունները, դժվարությամբ է ընդունվում հասարակությունում, մանավանդ հաշվի առնելով այն, որ արագ փոփոխվող արդի աշխարհում ոչ մի բաց տեղ երկար ժամանակով դատարկ չի մնում։

  Լայն համագործակցության հիմքում դրված տնտեսական պրագմատիզմը չի կարող հաշվի չառնել այսօրվա իրողությունները և, գրավիչ լինելով բիզնեսի համար, չի «նախընտրի» ռիսկերը երաշխավորված կայունությանը, այդ թվում և Հարավային Կովկասում, քանի որ առևտրային և արտադրական կապերի զարգացումը ենթադրում է ամուր բազայի առկայություն՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայի վայրիվերումներից։

  Մենք բազմիցս նշել ենք, որ մեր հասարակությունը լավ տեղեկացված չէ ինչպես տեղի ունեցող գործընթացների բովանդակության, այնպես էլ ակնկալվող հեռանկարների մասին։ Ինտեգրացիոն միավորման առավելությունները հստակ չեն բնակչության զգալի մասի համար, հասարակության մեջ գերակշռում են աղոտ պատկերացումները բուն նախագծի մասին, չկա տնտեսական հեռանկարների հստակ տեսլական, «կողմ» և «դեմ» փաստարկները բավարար չափով ծանրակշիռ չեն։ Այսօրվա դրությամբ գերակշռում են հօգուտ Եվրամիության ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին մեկնաբանությունները։ Այս դիրքորոշման օգտին արվող փաստարկներն ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին. Եվրամիությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա գործող միավորում է, որտեղ, շնորհիվ գործող օրենքների և դրանց անշեղ կատարման, ԵՄ մասնակից պետություններին հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների իրենց երկրների բնակչության որոշակի կենսամակարդակի ապահովման իմաստով։ Եվրագոտում ճգնժամի և լուրջ հիմնախնդիրների առկայությունը լռության է մատնվում, իսկ որոշակի դատարկությունները, «մեղմ ինտերվենցիայի» հաշվառմամբ, օպերատիվորեն համալրվում են զանազան ինտեգրացիոն նախագծերի այն մասնակիցներով, որոնք առաջարկում են լայն ծառայություններ, այդ թվում՝ հումանիտար, սոցիալական և կրթական։ Այսօր ԵՄ ներկայացուցիչները ձևավորել և արտահայտում են հստակ դիրքորոշում Երևանի հանդեպ. «շատ՝ շատի դիմաց»։

  Այսօր անհրաժեշտ է համոզիչ փաստարկներ ներկայացնել հօգուտ Եվրասիական վեկտորի ընտրության՝ կոնկրետ առաջարկություններով։ Ինտեգրացիոն նախագծի նախաձեռնողներն ու մասնակիցները պետք է լուրջ աշխատանք կատարեն, որպեսզի և՛ միավորման գաղափարն ինքը, և՛ հեռանկարները, և՛ շոշափելի առավելությունները, որոնք այդ նորարարություններից կստանան շարքային քաղաքացիները, ավելի գրավիչ դառնան։ Մարդկանց ակնկալիքները բնական են. ժամանակներն այլևս այն չեն, և մենք նույնպես առաջվանը չենք։ Անհրաժեշտ է պարզություն մտցնել ինտեգրացիոն ապագայի ռազմավարական տեսլականում՝ մեր երկրների ազգային շահերի հիման վրա, հարկավոր է նախագծի գործնական իրագործման հնարավորություններ և ուղիներ բացել, և, վերջապես, հարկավոր են իրական քայլեր։

  Նշենք նաև, որ այսքան կարևոր հարցերի քննարկումը նպատակահարմար է անցկացնել հասարակական կազմակերպությունների ուղղակի մասնակցությամբ՝ որպես ավելի ինտենսիվ հնարավորություններ ունեցող մոբիլ կառույցներ և կոլեկտիվ ու հանրային լայն նպատակների ներկայացուցիչներ։ Հասարակական կազմակերպությունների ռեսուրսը կարող է կարևոր գործոն դառնալ, որը դրական ազդեցություն կունենա գործընթացի վրա։

  Մեր ժողովուրդների պատմական, մշակութային կապերն ավելի խոր ու բարձր են պրագմատիկ տնտեսական շահերից և շուկայի օրենքներից։ Մեր ընդհանուր պատմությունը, մեր ժողովուրդների բարեկամությունը ինֆլյացիայի չենթարկվող մեր կապիտալն են, այն մղիչ ուժը, որը բավարարում է մարդկանց հաղորդակցվելու, հոգեղենության պահանջը, որը երբեմն այնքան պակասում է մեզ։ Մենք միշտ բաց ենք երկխոսության համար և ազնիվ մեր հարաբերություններում։ Եվրասիական ինտեգրացիոն միավորող ուժի հիմքում պետք է դրված լինեն իրավահավասար գործընկերությունը, պատասխանատվությունն ընդունված որոշման համար, տնտեսական շահերի միասնությունը՝ հիմքում ունենալով դրական պատմական փորձը, համամարդկային արժեքները, և որ կարևոր է, որպեսզի նախագծի բովանդակության այս ընկալումն ընկած լինի նոր մտահղացման հանրային աջակցության հիմքում։

«www.soyuzinfo.am» Մարտ 2013թ.


սպասեք...