Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Քաղաքացին է ՀՀ տերը, նա էլ պետք է որոշի Ամուլսարի հարցը. Տիգրան Ուրիխանյան

Քաղաքացին է ՀՀ տերը, նա էլ պետք է որոշի Ամուլսարի հարցը. Տիգրան Ուրիխանյան  Նախ ունեմ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այս քառօրյայի ընթացքում էլ, հաջորդիվ էլ լսվելու են եւ չափազանց պահանջված են, երկրորդ` տեսնում եմ լրջագույն խնդիրներ երկրում, որոնց լուծման ճանապարհին կան գիտակցված կամ չգիտակցված սխալներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով աշխատանքային լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցին։

  «Եթե որեւէ մեկին կարող է թվալ, որ ոմանց ցանկությամբ ես կարող եմ ընտրողի կողմից ինձ տրված մանդատը վայր դնել եւ դադարեցնել պայքարը, ապա դա չի լինելու»,–նշեց նա։

  Հարցին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հաղորդմանը հրավիրելը իսկապես պատճառ է դարձել իր լիազորությունները դադարեցնելո՞ւ, պատգամավորն արձագանքեց. «Թերեւս բոլոր մարդկանց մոտ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, որոնց պարագայում մարդիկ կհրաժարվեն իրենց այս կամ այն գործունեությունից, առնվազն ինչ-որ ժամանակահատվածում, եւ դա շատ նորմալ է, եւ որեւէ դեպքում որեւէ մեկը որեւէ մեկին մեղադրելու իրավունք չի կարող ունենալ, թե ինչու է մարդը որոշում դադարեցնել իր լիազորությունները, կամ իր գործունեությունը: Բայց դրա պատճառները, հավաստիացնում եմ ձեզ, հասարակության համար ամենեւին էլ էական նշանակություն չունեն: Կարեւորն այն է, որ ես խորհրդարանում եմ, կարեւորն այն է, որ ես ներկայացնում եմ ժողովրդի ձայնը, կարեւորն այն է, որ երկրում կան պրոբլեմներ եւ չեն լուծվում, կարեւորն այն է, որ ես պարտավոր եմ աջակցել ժողովրդիս այդ խնդիրները լուծելու հարցում»:

  Հարցին՝ ի՞նչ խնդիրներ նկատի ունի, նա նշեց. «Այն իմաստով, երբ ցուցանիշները փոփոխական չեն, արտագաղթի, գործազրկության եւ բազմաթիվ այլ պրոբլեմներ կան, որոնց մասին խոսվում է ամեն օր, ապա միանշանակ անհրաժեշտ է շարունակել պայքարը հանուն պրոբլեմների լուծման, հանուն Հայաստանում բարեկեցության գերակայության»։

  Ամուլսարի հարցում Տիգրան Ուրիխանյանը համոզմունք հայտնեց, որ ըստ ժողովրդի կամքի պետք է հարցին լուծում տրվի. «Քաղաքացին է ՀՀ տերը, քաղաքացին է հանրապետության տարածքում առկա հարստությունների տերը, քաղաքացին էլ պետք է կատարի այդ որոշումը: Եթե իշխանությունը որեւէ նախաձեռնություն ունի, ընդ որում եթե իրենց դիրքորոշումը փոխվել է այդ հարցի վերաբերյալ, ապա դա նախեւառաջ իրենք պարտավոր են համաձայնեցնել քաղաքացիների հետ, ինչպես կորոշի ժողովուրդը, այնպես էլ կլինի»:

  Հարցին, թե ինչպես պետք է ժողովուրդն իր կամքն արտահայտի` բողոքի ակցիաների, թե հանրաքվեի միջոցով, Ուրիխանյանն ասաց. «Եթե չլինեին հայտնի իրադարձությունները անցած տարվա սկզբին, որոնք տրասնֆորմացրեցին ՀՀ-ում քաղաքական գործընթացները, ես կասեի, որ պիտի լինեն ազատ, արդար, որակյալ ընտրություններ եւ այդ ընտրություների միջոցով ժողովուրդը պիտի գործուղի աշխատանքային տիրույթ նրանց, որ այնուհետեւ 5 կամ իքս տարիների ընթացքում պիտի կայացնեն այդ որոշումները: Բայց եկեք տեսեք, որ այդպես չէ։ Հետեւաբար, շատ դեպքերում լինում է, որ մարդիկ արտահայտվեն այդ պահին ու հենց զանգվածայնորեն, այդ թվում՝ հանրաքվեի միջոցով, ինչո՞ւ ոչ»:

News.am.am 09.09.2019թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...