Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՕՐԻՆԱՉԱՓ Է

Առաջադիմական կուսակցություն Տիգրան Ուրիխանյան  Շաբաթ օրը` հունվարի 22-ին, Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը գումարեց իր վերջին՝ X արտահերթ համագումարը եւ ընդունեց կազմալուծվելու ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու որոշում: Ըստ արդեն իսկ լուծարված ՀԱԿ նախկին առաջնորդ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ, կատարվածը քաղաքական օրինաչափ զարգացումների տրամաբանական արդյունքն է:

  -Պարոն Ուրիխանյան, ինչո՞ւ որոշեցիք լուծարել ՀԱԿ-ը եւ ձեր քաղաքական գործունեությունը շարունակել ԲՀԿ շարքերում:

  -Հայաստանի Առաջադիմական կուսակցության վարչությունն է կայացրել այս քաղաքական որոշումը դեռ ութ ամիս առաջ: Օրենքի պահանջի համաձայն, հրավիրեցինք արտահերթ համագումար, այս որոշման հաստատումը կամ ժխտումն ստանալու նպատակով: Օրակարգային այս հարցը համագումարի 1200 պատգամավորները հանգամանորեն քննարկեցին, եւ քվեարկությամբ (947 «կողմ») ՀԱԿ վարչության որոշումը հաստատվեց:

  Համագումարին մասնակցում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ին միանալու որոշումը կայացնելուց հետո նա ծավալուն ելույթ ունեցավ, ողջունեց իր ղեկավարած կուսակցության շարքերը համալրած ավելի քան 7300 նախկին ՀԱԿ անդամներին:

  Գագիկ Ծառուկյանը մասնավորապես շեշտեց, որ ԲՀԿ դռները բաց են բոլոր նրանց առջեւ, ովքեր պատրաստ են աշխատել ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի, ցանկանում են Հայաստանը տեսնել կայուն, հզոր ու բարգավաճ: Համագումարի պաշտոնական փակումից հետո մեր նոր կուսակցության առաջնորդը մոտ մեկ ժամ շարունակ զրուցեց համագումարի պատվիրակների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

  ԲՀԿ-ին միանալու առումով ոչ մի անձնական կամ խմբային հավակնություններ չունենք: Մեր հավակնությունները բացառապես քաղաքական են: Շարունակելու ենք իրագործել լիբերալիզմից սոցիալիզմ ընկած գաղափարական տիրույթում մեզ համար ընդունելի ցենտրիստական դրույթները` ներդնելով մեր անհատական, մասնագիտական ու կազմակերպական կարողությունները: ԲՀԿ-ն ցենտրիստական կուսակցություն է, հետեւաբար մեր քաղաքական գործելակերպում բովանդակային փոփոխություններ չեն լինի:

  -Ինչո՞ւ եք կարծում, որ հենց ԲՀԿ-ին միանալով՝ կարող եք իրագործել ձեր ցենտրիստական նպատակները:

  -Հիշեցնեմ, որ ՀԱԿ-ը վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է, սակայն մենք չկարողացանք հաղթահարել օրենքի սահմանած արգելանքը: Հետեւաբար օրենսդիր գործունեություն ծավալելու եւ գործադիր իշխանության աշխատանքներին պատասխանատու մասնակցության հնարավորություն չունեցանք: Մինչդեռ ՀԱԿ-ը լուրջ նախընտրական ծրագիր էր ներկայացրել, ինչը հետամուտ ենք իրագործելու: Խորհրդարանական ընտրություններից հետո ստիպված էինք մեր քաղաքական նպատակների իրագործումը առնվազն հինգ տարով հետաձգել:

  Միջոցների ու լծակների բացակայության պայմաններում ՀԱԿ-ի գործունեությունն ինքնանպատակ էր դարձել: Եթե կուսակցությունը քաղաքացիական նախաձեռնությունից պետական ու քաղաքական կառավարման անցնելու միջոց է, ապա ՀԱԿ-ի գործունեությունը դարձել էր աննպատակահարմար, ու որոշակի խնդիրներ էին առաջացել:

  Ստեղծման օրվանից սկսած, ավելի քան 10 տարի թեեւ կուսակցությունը գործել է, սակայն մնացել էինք արտախորհրդարանական ուժ: Դա էր պատճառը, որ այլ քաղաքական ուժի հետ միավորվելու մասին մտածեցինք ու սկսեցինք ուսումնասիրել քաղաքական դաշտը` համախոհներ գտնելու նպատակադրումով: Իսկ մեր երկրում գործում է յոթ տասնյակից ավելի կուսակցություն, որոնք հաճախ տարբերվում են միայն անվանումներով, նույն հավակնություններն ունեցող առաջնորդներով:

  Մեկ տարի երկու ամիս առաջ մանրամասն ուսումնասիրելով ԲՀԿ ծրագիրը՝ հասկացանք, որ առավելագույն ընդհանրությունները այստեղ են, եւ բանակցություններ սկսեցինք ԲՀԿ-ի հետ: Չորս ամիս անց ՀԱԿ վարչությունը միանալու որոշում կայացրեց, որն էլ ութ ամիս անց հաստատեց համագումարը:

  -Կա՞ որոշակի պայմանավորվածություն անձամբ ձեր քաղաքական կարիերայի վերաբերյալ:

  -Ակնդետ նայելով ձեր աչքերին` հավաստիացնում եմ, որ անձնական բնույթի ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Ոչ մեկը չի խոսել այն մասին, թե միավորվելուց հետո ՀԱԿ նախկին անդամները ինչ կուսակցական դիրքեր են ունենալու: Բացի գաղափարական ընդհանրություններից, տեսանք, որ ԲՀԿ-ի կազմում ունենք մեր գործողությունները համադրելու հնարավորություն: Միակ ակնկալիքս այն է, որ իմ ղեկավարած ողջ քաղաքական թիմը ինտեգրվի ԲՀԿ-ին, բոլորս միասին առավելագույն հնարավորություններն ունենանք դրսեւորելու մեր ունակությունները:

  Համոզված եմ, որ քաղաքական ուժերի միավորումը օրինաչափ զարգացումների արդյունք է: Մեր ներքաղաքական դաշտում, մանավանդ համապետական ընտրություններին ընդառաջ, այս ընթացքը, հուսով եմ, շարունակվելու է: Վերանկախացած Հայաստանի քսանամյա քաղաքական մշակույթը հասունացրել է այս անհրաժեշտությունը:

Հայոց Աշխարհ օրաթերթ 25.01.2011թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...