Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Այսօր չկա որևէ որոշում ոչ մի մակարդակում

Այսօր չկա որևէ որոշում ոչ մի մակարդակումՀարցազրույց պատգամավոր, ԲՀԿ խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ

   -Պարոն Ուրիխանյան, առ այսօր նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի միակ պաշտոնական հայտարարությունը 2011-ի փետրվարին ստորագրված եռակողմ կոալիցիոն հուշագիրն է: Որքանո՞վ է հավաստի այսօր շրջանառվող տեղեկատվությունը, որ ԲՀԿ-ի մասնակցությամբ նախապատրաստվում է նոր հուշագիր:

   -2011 թվականին ստորագրված հուշագրի եւ ենթադրյալ ստորագրվելիք հուշագրի միջեւ կապ չեմ տեսնում: Մեկ անգամ եւս ընդգծեմ, որ ձեր հիշատակած հուշագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ ստորագրած ուժերը կոալիցիա կազմած են եղել:

   Հիմա նախկին կոալիցիայի մաս կազմող ուժը չկա ներկա կոալիցիայում, ինչից բխում են համապատասխան հետեւանքներ: Կարծում եմ, այս տրամաբանությանը բոլորը արդեն համաձայնել են: Մենք որեւէ կերպ չենք հերքում այն, ինչ եղել է, բայց այսօր բացարձակապես այլ իրավիճակ է:

   Իսկ իրավիճակը այսօր այլ է նաեւ, կամ մեծ մասամբ հենց մեր նախաձեռնությունների պատճառով: Դա նշանակում է, որ նախկին իրավիճակը մեզ ձեռնտու չէր: Հիմա նոր համաձայնագրի կամ հուշագրի մասին շրջանառվող ասեկոսեները, կարծում եմ, պայմանավորված են առաջիկա նախագահական ընտրություններով: Այս իրավիճակում բանակցություններն ու քննարկումները մեր գլխավոր համագործակցի հետ են միայն տեղի ունենում: Այս օրերին այդ քննարկումները առավել եւս ակտիվացել են:

   Հենց որ համաձայնության գանք մեր գլխավոր համագործակցի, այսինքն՝ մեր ընտրողների հետ, ունեցած պայմանավորվածություններից ու ժողովրդի շահերից բխող քայլեր կձեռնարկենք: Այսօր չկա որեւէ որոշում ոչ մի մակարդակում: Մենք հանրությունից, մեր ընտրողներից թաքուն որեւէ քննարկում ունենալ չենք կարող:

   Իհարկե, չի կարելի բացառել, թե առհասարակ որեւէ համաձայնագիր լինել չի կարող, բայց եթե լինի նման համաձայնագիր, այն կբխի բացառապես մեր ընտրողին տրված խոստումներն իրագործելու պարտավորություններից եւ կապ չի ունենա ձեր հարցի համատեքստում նշվող պայմանավորվածությունների հետ: Չի կարող լինել որեւէ համաձայնագիր, որը կսասանի մեր հանդեպ առկա եւ օրըստօրե ավելացող վստահությունը:

   -Ճի՞շտ է գնահատականը, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ում ներկայացնում է ռուսամետ, իսկ Վարդան Օսկանյանը՝ արեւմտամետ թեւը:

   -Եթե նույնիսկ կան այնպիսի ուժեր, որոնք իրենց համար նախընտրելի նման գնահատականներ են շրջանառության մեջ դնում, ապա պետք է ընդգծեմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարաբերություններ ունի բոլոր ուղություններով եւ բոլոր մակարդակներում: ԲՀԿ նախընտրական ծրագրում, որը ֆունդամենտալ փաստաթուղթ է, պարզ ու շիտակ ներկայացված են կուսակցության արտաքին հարաբերությունները: Մենք հավատացած ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է համապարփակ ու բազմակողմանիորեն զարգացող հարաբերություններ ունենալ բոլոր երկրների ու միջազգային կառույցների հետ:

   Անշուշտ նաեւ հասկանում ենք, որ կա իրական կյանք եւ ներկա իրողություններով կարգավորվող հարաբերություններ, որոնց միակ նպատակը մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելն ու մարտահրավերները հաղթահարելն է: Հմուտ դիվանագիտությունը շատ դեպքերում հնարավորություն է տալիս, համադրելով ու հակադրելով այլ երկրների, միջազգային կառույցների ու Հայաստանի շահերը, գտնել լավագույն տարբերակները:

   ԲՀԿ-ն, մեր թիմը, կուսակցության առաջնորդը չի կարող դիտարկվել կոնկրետ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի ջատագով: Արեւելքի ու արեւմուտքի, հյուսիսի ու հարավի հետ հարաբերություններում պետք է հետապնդենք բացառապես Հայաստանի շահը: Եթե մենք կարողանանք արդյունավետ գործածել մեր ունեցած ներուժը, աշխարհաքաղաքական դիրքը, հայրենիքի բնակչությունը երեք անգամ գերազանցող Սփյուռքի հնարավորությունները, մեծ արդյունք կստանանք:

   -Ինչպե՞ս են կուսակցությունում վերաբերվում Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի, ապա կառաջադրվի ինքը:

   -Պարոն Օսկանյանը, անշուշտ, մեր կուսակցության առանցքային դեմքերից է, նրա կարծիքն արժանի է ուշադրության ու քննարկման: Միաժամանակ նա ԲՀԿ-ի միակ առանցքային դերակատարում ունեցող դեմքը չէ:

   Ես կհայտնեի իմ գնահատականը, դիտարկումներն ու ցանկությունները, սակայն կաշկանդված եմ, քանի որ ԲՀԿ խոսնակի ցանկացած խոսք կարող է շահարկվել: Թող որ հանրությունը համբերատար սպասի մեր որոշմանը, որը կկայացվի տրամաբանական ժամկետում եւ ոչ մեկին անակնկալի չի բերի ու չի հուսահատեցնի:

   -Որպես ԲՀԿ-ին անդամագրվելու նպատակ Վարդան Օսկանյանը ժամանակին նշեց կուսակցությունը քաղաքականացնելու ցանկությունը: Այս առումով կարելի՞ է Օսկանյանին համարել ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդ եւ այլընտրանք Գագիկ Ծառուկյանին:

   -Պարոն Օսկանյանը իր գործունեությունը ծավալում է նաեւ իր մասնակցությամբ կայացվող կոլեգիալ որոշումների շրջանակներում: Իրողությունը սա է:

   Միաժամանակ ցանկանում եմ հայտնել իմ սեփական հաստատուն կարծիքը, որը նաեւ, հավատացած եմ, մեր միասնական թիմի եւ կուսակցական կուռ շարքերի համոզմունքն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է: Դա նշանակում է, որ այս անհատով է պայմանավորված այն հավատն ու համոզմունքը, կապակցող գործոնը, որով լծվել ենք կուսակցության գործին: Կուսակցության մեջ վառ անհատականությունների առկայությունը որեւէ կերպ չի կարող քննարկելի դարձնել ԲՀԿ առաջնորդի թեման:

Հայոց Աշխարհ օրաթերթ 17.10.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...