Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Քանի առկա լինի քաղաքական մենաշնորհ, մենք կունենանք վատ ընտրություններ

Քանի առկա լինի քաղաքական մենաշնորհ, մենք կունենանք վատ ընտրություններ. Տիգրան Ուրիխանյան  Որքան էլ խիստ օրենսդրություն լինի, բայց բացակայի պարկեշտությունը, քաղաքական բարի կամքի դրսևորումը, հավասար մրցակցությունը, առկա լինի քաղաքական մենաշնորհ, մենք կունենանք վատ ընտրություններ: Նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` այսօր հասարակական կազմակերպությունների կողմից հրավիրված «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների թեմայով հանրային քննարկման ժամանակ:

  «Մենք որևէ արդյունք չենք ունենա ընտրություններից, որքան էլ որ օրենքները լինեն լավը, իսկ դրանք կատարողները՝ վատը: Ես կցանկանամ, որ այդ գիտակցումով մենք առաջնորդվենք նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելիս»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

  Անդրադառնալով ՀԿ-ների կողմից ՀՀ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններին` ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց մեջ կա ռացիոնալ հատիկ, կան որոշ հարցեր, որոնք անհասկանալի են` օրինակ լիազորությունների դադարեցման հետ կապված, որտեղ բազմաթիվ բացատրությունների կարիք կա: «Ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, որը հանդես է եկել առհասարակ ընտրակարգի փոփոխության վերաբերյալ` ընտրությունների անցկացման հետ և այն բոլոր մտահոգությունների հետ կապված, որոնք հնչում են: Ես ինքս բազմիցս խոսել եմ համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին»,- ասաց նա: Խոսքը, թերևս 100%-անոց համամասնական ընտրակարգին և երկրի կառավարման խորհրդարանական կարգին անցում կատարելու մասին է, որի առաջարկով վերջերս հանդես է եկել ԲՀԿ-ն և այդ դրա հետ կապված քաղաքական խորհրդակցություններ են սկսվել տարբեր քաղաքական ուժերի հետ։

  ԲՀԿ մամուլի խոսնակի կարծիքով՝ անընդունելի է ընտրագրավի չափի մասին խոսակցությունը. «Կցանկանայի, որ նախագահի ամեն մի թեկնածու հավակնելիս այդ պաշտոնին` սեփական ուժերի, կարողությունների օբյեկտիվ և օպտիմալ դատողություններ աներ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Tert.am 26.11.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...