Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց

ԲՀԿ-ն ձեռնպահ մնացՈրպեսզի մարդկանց չզրկի «բարոյապես ոչ արժանի չափաբաժնից»

  Երեկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները «դեմ» քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 2500 դրամի չափով բարձրացնելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Մինչ քվեարկությունը՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», անողոք քննադատության ենթարկեցին կառավարությանը՝ նման մոտեցումը որակելով «ժողովրդի նկատմամբ ձեռառնոցի», «արհամարհանք» եւ այլն: Հետաքրքիր էր, որ ԲՀԿ-ական պատգամավորներն այս առիթը չօգտագործեցին՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը քննադատելու համար, մանավանդ, որ հարցը հանրության համար իրապես կենսական նշանակություն ունի: Կուսակցության ընդհանրական-քննադատական տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Արդյունքում՝ օրինագիծն ընդունվեց 65 «կողմ»-ով, իսկ ԲՀԿ-ն «ձեռնպահ» քվեարկեց: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ կբացատրեք կուսակցության կրավորական կեցվածքը նման կարեւորագույն հարցի վերաբերյալ, ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հետեւյալ պարզաբանումները ներկայացրեց. «Մենք բարոյական չենք համարում այդ չափով գումարի ավելացումը, ընդ որում՝ հաշվի առնելով շատ ավելին բարձրացնելու հնարավորությունները, բայց խմբակցության քարտուղարը շատ պարզ հիմնավորում տվեց՝ մարդկանց այսօր այդ բարոյապես ոչ արժանի չափաբաժնից զրկելը կարող է դիտվել բացասաբար: Ավելին՝ կարող է շահարկումների տեղիք տալ»: Վկայակոչելով պաշտոնական թվերը՝ 30 տոկոս աղքատներ՝ մոտավորապես մեկ միլիոն մարդ, եւ 100 հազար ծայրահեղ աղքատներ, Տիգրան Ուրիխանյանը նկատում է. «Այս պարագայում թեկուզ այդ 2500 դրամը կարող է նման մարդկանց համար մի այսրոպեական, չնչին հարց լուծել: Բայց նորից ընդգծում եմ, որ բարոյական չէ այդ ավելացումը»:

  Հոկտեմբերի 30-ից խորհրդարանական հանձնաժողովներում արդեն սկսվելու են 2013 թվականի բյուջեի քննարկումները: ԲՀԿ-ական պատգամավորները չեն թաքցնում, որ «մարտական» են տրամադրված, կառավարության «կոկորդից բռնելու» են: Այս օրերին ԲՀԿ խմբակցության նիստերում հստակեցվում է կուսակցական տեսակետը: Բովանդակային եւ տակտիկական ինչպիսի՞ գրոհների են նախապատրաստվում՝ «Առավոտի» հարցին Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Քննարկումները դեռ շարունակվում են: Բազմաթիվ դրույթներ կան, որոնց հետ համաձայն չենք եւ տարբեր առիթներով արդեն անդրադարձել ենք դրանց: Խմբակցության հաջորդ նիստին, կարծում եմ, արդեն ավարտված կլինեն խորհրդակցությունները, եւ խմբակցության պաշտոնական տեսակետն արդեն կներկայացնենք»: Երեկվա նիստում ԲՀԿ խմբակցությունը մոտ 40 րոպե քննարկել է «ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տնտեսական ծրագրի» նախագիծը, որը կարեւոր են համարում 2013-ի բյուջեի, այսպես ասած, չապահովման համատեքստում եւ կարծում են, որ այն կդառնա բյուջետային քննարկումների հիմնական թիրախը:

  Մեր զրուցակիցը հրապարակելով իր անձնական տեսակետը՝ ասում է. «Բյուջեն ինձ վրա թողնում է ոչ սոցիալական, ոչ հավակնոտ՝ նախկին քաղաքական մեծամասնության բնորոշումներն եմ բերում, բայց համապատասխան բառ եմ փնտրում եւ դեռ որակում չունեմ այս նախագծի վերաբերյալ: Ունենք բազմաթիվ մտահոգություններ, վերապահումներ, հարցադրումներ, անհամաձայնություններ»: Առավել կարեւոր անհամաձայնություններն, ըստ մեր զրուցակցի, նրանք են, որ հարկային ոլորտին վերաբերող ԲՀԿ-ի ներկայացրած նախագծերը, իր որակմամբ, «ցինիկաբար տապալվեցին, քանի որ դրա համար որեւէ հիմք չկար»: «Ցինիկաբար տապալված» առաջարկների շարքում նա առանձնացնում է գրքերի, գրականության մասով ԱԱՀ-ի նվազեցման չընդունումը, ընտանեկան բիզնեսի՝ առանց վարձու աշխատողների մասնակցության մանր ձեռներեցների հարկային բեռը չթեթեւացնելը եւ այլն: «Դա կարող էին անել նույնիսկ պետության շահից ելնելով, որպեսզի շրջանառություն ավելանար, տնտեսվարման խոշորացում լինի, առաջանան սոցվճարներ, շրջանառության ծավալների ավելացում եւ ի վերջո՝ հարկում: Մարդն այդ կերպ աշխատելով ու անգամ հարկ չվճարելով՝ թեթեւացնում է պետության բեռը, քանի որ վերջինս, միեւնույն է, չի կարողանում աշխատատեղ ապահովել իր համար: Այլընտրանքը հետեւյալն է՝ աշխատել՝ հարկ չտալով, գոնե սեփական գլուխդ պահել՝ չխանգարելով որեւէ այլ ոլորտի, ոչ մի կերպ չխաթարելով որեւէ այլ գործընթաց տնտեսության մեջ եւ աշխատատեղ ունենալով կամ՝ ոչինչ չանել: Քաղաքական մեծամասնությունը, կառավարությունը ընտրեց այդ տարբերակը՝ ավելի լավ է ընդհանրապես չաշխատեն: Հարկ չեն տալու, թող իրենք էլ չապրեն»,- ընդգծում է Տիգրան Ուրիխանյանը:

«Առավոտ» օրաթերթ 26.10.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...