Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ-ի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ

ԲՀԿ-ի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ

  -Որպես «դիտորդ» հետեւելով նախագահական ընտրություններին՝ ինչպե՞ս եք գնահատում ընտրարշավի ընթացքը, ի՞նչ տպավորություն ունեք թեկնածուների կողմից կիրառվող քարոզչական հնարքներից։

  -Քաղաքական հետաքրքրություն չհետապնդելով՝ մենք, նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հետաքրքրված ենք միայն ընտրությունների օրինական ընթացքով. այդքանով ենք ներգրավված ընտրական գործընթացում։

  Իմ նախնական դիտարկումը հետեւյալն է. թեկնածուների մի մասին շատ մեծ վերապահումներով կարելի է թեկնածու անվանել, կան նաեւ թեկնածուներ, որոնք փորձում են ինչ-որ կերպ դասական քարոզարշավ իրականացնել։ Ամեն դեպքում, չեմ ուզում հիմա դիվանագիտություն խաղալ եւ ձեւացնել, թե ամեն ինչ լավ է. առանց սեթեւեթանքների եւ առանց ձեւականությունների կարող եմ ասել, որ այս քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիները չեն ստանում այն, ինչ ցանկանում կամ ակնկալում են՝ առաջին հերթին բարոյական, հոգեբանական տեսանկյունից, երկրորդ հերթին՝ որպես արդյունք։

  Սա ասում եմ որպես քաղաքացի, որպես պատգամավոր, շարքային ընտրող. պաշտոնական տեսակետ հայտնել, բնորոշումներ տալ չեմ կարող, որովհետեւ կուսակցությունում ընտրարշավի ընթացքի, թեկնածուների վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել։

  -Քաղաքական փորձառություն ունեցող այլընտրանքային թեկնածուների, մասնավորապես Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի քարոզչական մարտավարության մասին ի՞նչ կասեք. ինչպե՞ս են ներկայանում ընտրողներին՝ կարողանո՞ւմ են իրենց մոտեցումները հասու դարձնել հասարակությանը։

  -Նախագահի յուրաքանչյուր թեկնածու ամեն առիթ՝ հեռուստաեթերը, տպագիր լրատվամիջոցները, ընտրողների հետ հանդիպումները, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործի՝ ներկայացնելու իր ծրագրերը. այն, ինչ ընտրվելու դեպքում փորձելու է իրականացնել առաջիկա տարիներին։ Սա՝ առաջին։

  Երկրորդ՝ այդ ամենը պետք է արվի հստակ հիմնավորումներով, որովհետեւ ոչ ոք այնքան միամիտ չէ, որ գնա ընտրության՝ հավատալով ոչ իրատեսական պոպուլիստական խոստումներին։ Ցավոք, ավելի շատ տեսնում ենք ժամանակի վատնում, թատերականացված գեղարվեստական ներկայացումներ, ընտրողների էմոցիաների վրա ազդելու փորձեր՝ հաշվարկված կամ չհաշվարկված։

  Մինչդեռ մարդիկ, այնուամենայնիվ, իրենց ձայնը այս կամ այն թեկնածուին տալու են խիստ պրագմատիկ, իրական ակնկալիքներով։

   -ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի աջակցելու թեկնածուներից որեւէ մեկին, բայց գերակայող կարծիքն այն է, որ դիտորդի կեցվածքը ազդեցիկ քաղաքական ուժին հարիր չէ՝ պարտավոր եք այս կամ այն կերպ կողմնորոշել ձեր ընտրողին, այլապես կարող եք խնդիրներ ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրություններում։

  -Նման արտահայտություններ անողներին ուզում եմ հիշեցնել, որ ԲՀԿ-ն, ըստ էության, չի մասնակցել որեւէ նախագահական ընտրությունների, բայց դա չի խանգարել մեզ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում արժանանալու մոտ կես միլիոն ընտրողների վստահության քվեին։ Եվ չի խանգարելու, որ ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանական ընտրություններում, ինչու ոչ, ստանա ավելի ծանրակշիռ քվե։

  Մեր կուսակցությունն իր հեղինակությունը, հանրության լայն շերտերի օժանդակությունը վաստակել է երկարատեւ նպատակաուղղված, հետեւողական աշխատանքի, ամենակարեւորը՝ որդեգրած քաղաքական ուղեգծի արդյունքում, այնպես որ չարժե մեկը մյուսով պայմանավորել։

   -Ասում եք, որ ԲՀԿ-ն չի մասնակցել նախագահական ընտրություններին, բայց 2008-ին միանշանակ աջակցել եք գործող նախագահին։

  -Ես խոսում եմ մասնակցության, ոչ թե սատարման մասին։

  -Այսինքն՝ որեւէ թեկնածուի չսատարելու որոշումը մնում է անփոփոխ, անգամ այն պարագայում, երբ մարզային կառույցների որոշ ղեկավարներ հայտարարում են գործող նախագահին աջակցելու մասի՞ն։

   -Մեր դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ՝ ԲՀԿ-ն որեւէ թեկնածուի չի սատարում եւ չի սատարելու։ Մեր որոշումները կայացվում են մեկ անգամ՝ երկար ծանրութեթեւ անելուց հետո։

   Իսկ մասնավոր հայտարարությունները, որ շատ ժամանակ մամուլում հայտնվում են առանձին լրագրողների հետեւողական ջանքերի, ուղղորդող հարցերի «շնորհիվ», արտահայտում են միայն տվյալ անձի անհատական կարծիքը։ Այլ բան չի կարող լինել, որովհետեւ որեւէ մեկը իրավասու չէ ուղղորդել ԲՀԿ ընտրողներին կամ ներկայացնել կուսակցական կառույցների հավաքական դիրքորոշումը։

«Հայոց Աշխարհ» օրաթերթ 31.01.2013թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...