Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

«Հանցագործներին կուսակցական սկզբունքով չի կարելի բռնել»

ԲՀԿ Տիգրան Ուրիխանյան  Ընդդիմադիր ողջ դաշտը համախմբվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելու գաղափարի շուրջ: Տարբեր պատճառաբանություններով դեմ են իշխանական ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: ԲՀԿ-ում առանձին պատգամավորներ կողմ արտահայտվեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն հրապարակման ենթակա կուսակցական կարծիք դեռեւս չկա, չեն քննարկել: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը երաշխի՞ք է, որ ընտրությունները կլինեն թափանցիկ եւ արդար:Եթե, այնուհանդերձ, իշխանությունը փոխի մտադրությունը եւ ընդդիմության առաջարկներին ընդառաջ գնա, կարո՞ղ ենք հանգիստ նստել ու սպասել ազատ, արդար ընտրությունների: «2007 թվականին հաստատված ԲՀԿ ծրագրում, համապատասխան կետով, արտաբերված է հետեւյալը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմնակից է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի աստիճանական անցմանը: «Աստիճանական» եզրն էլ գործածվում է այն պարզ պատճառով, որ անցումը իրատեսական պիտի լինի եւ պիտի պայմանավորված լինի օպտիմալ, արդարացված մի շարք պահանջներով: Դրանցից մեկն էլ, իհարկե, ընտրությունների որակն է»: Մեր զրուցակիցը բերում է քաղաքական եւ ընտրական համակարգերով զարգացած մի շարք ժողովրդավար երկրների՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ այլն, օրինակներ, որտեղ գործում է 100 տոկոսանոց մեծամասնական ընտրական համակարգ, բայց այդ երկրներում ընտրությունների արդարությունը, թափանցիկությունը, ընտրողների տրված քվեի 100 տոկոսանոց համապատասխանությունը ընտրությունների արդյունքներին կասկած չեն հարուցում: «Ընտրակարգի հետ մեկտեղ պետք է լինեն հսկման, վերահսկման մի շարք մեխանիզմներ, Ընտրական օրենսգրքի կատարելագործում, որպեսզի արդար ընտրություններ ունենանք, ինչպես նաեւ՝ բարոյական, քաղաքական կամքի արտահայտման եւ մի շարք այլ հատկանիշներ նրանց մոտ, ովքեր պատասխանատու են ընտրությունների կազմակերպման համար: Այնպես որ՝ ընտրակարգը դեռ ազատ եւ արդար ընտրությունների երաշխիք չէ»,- ասում է Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն մնում է իր ծրագրային դրույթներին հավատարիմ: Ինչ վերաբերում է նրան, թե ԱԺ օրակարգում երբ քննարկվի «Ժառանգության» եւ Դաշնակցության առաջարկը, ինչպե՞ս կքվեարկի ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, մեր զրուցակիցն ասաց, որ խմբակցությունը դեռ նիստ չի արել. «Երբ խմբակցության որոշումը պատրաստ լինի՝ հանրությունը կտեղեկացվի»:

  Մեր զրուցակիցը գտնում է, որ առաջիկա ընտրությունները էական նշանակություն են ունենալու՝ ՀՀ-ի առաջ կամ ետ գնալու հարցում, ուստի ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ինստիտուտներին ու անձանց կոչ է անում. «Գործադրեք բոլոր ջանքերը, գործի դրեք պետական մտածելակերպը կամ դրա մնացորդները եւ առաջիկա ընտրությունների որակը բարձր պահեք ավելի, քան կարող էր երբեւէ լինել»:

  Վերջին շրջանում ԲՀԿ-ից հեռացողների մասով էլ «Առավոտի» հարցին Ուրիխանյանը պատկերավոր համեմատությամբ պատասխանեց. «Եթե մեծ, մի քանի հարկանի օվկիանոսային նավում, որը շրջում է անծայրածիր ջրերի մեջ, հավաքարարներից մեկի՝ տախտակամածը մաքրելու ժամանակ ջրով դույլ շրջվի ու թրջի տախտակամածը, դա չի նշանակում, որ բազմաթիվ ժամանակակից հնարավորություններով այդ նավը ենթակա է խորտակման: Ոչ, այդպես չէ»: Հիշեցնենք, որ Արարատի փոխքաղաքապետ, ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիր Կարեն Խաչատրյանն օրերս լքել է հարազատ կուսակցությունը: Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ից շուտով այլ հեռացողներ էլ են լինելու: Ուրիխանյանն այս առիթով նկատեց. «Միգուցե շատ ավելի լավ է, որ նախընտրական շրջանում «ջրի երես» դուրս կգան նրանք, ովքեր համոզմունքով են կապված եղել ԲՀԿ-ի հետ, կուսակցական թիմի ու նպատակների հետ, եւ պարզ կդառնան նրանք, ովքեր այդ համոզմունքներից բխելով չէ, որ անդամագրվել են այս կուսակցությանը, զբաղեցրել են այս կամ այն դիրքը: Սա ավելի շուտ կբերի ինքնամաքրման գործընթացի, քան որեւէ վտանգի»: Մեր զրուցակիցը չբացառեց այս ամենի քաղաքական ենթատեքստը. «Սա էլ փորձություն է այդ մարդկանց համար: Շատ ավելի լավ՝ ինքնամաքրված, հստակեցված եւ կուռ կազմով կշարունակենք մեր ճանապարհը: Ես մտավախությունների առիթ չեմ տեսնում: Եթե կա կուսակցություն, այն որոշակի հարթակ է նաեւ կադրային ռեզերվի շարժերի համար ստատիկ վիճակ լինել չի կարող: Եզրակացություններ պետք է անել ըստ մտնող-դուրս եկողների հարաբերակցության: ԲՀԿ-ն այսօր ունի հանրության աջակցությունը, ես վստահ եմ, որ դա կարտահայտվի նաեւ քվեների ձեւով, այնպես որ՝ մտահոգությունների առիթ չեմ տեսնում»:

  Աշոտ Ավետիսյանի՝ «Բանգլադեշի Համոյի» ձերբակալությանը վերաբերող մեր հարցին էլ, ում կենսագրությունը կապվում է ԲՀԿ-ի հետ, Ուրիխանյանը պատասխանեց. «Եթե կան հանցագործներ, ովքեր օրինազանցություններ են կատարում, պետք է ենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Եթե հանկարծ իրավապահ մարմիններն իրենց գործառույթները սկսեն քաղաքական համատեքստում իրականացնել, դա չափազանց վտանգավոր կլինի՝ անգամ ազգային անվտանգության մակարդակի, եւ դատապարտելի: Հանցագործներին կուսակցական սկզբունքով չի կարելի բռնել»:

Առավոտ օրաթերթ 25.01.2012 թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...