Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Անարդարության հաղթանակը ժամանակավոր է… Տիգրան Ուրիխանյան

Անարդարության հաղթանակը ժամանակավոր է… Տիգրան Ուրիխանյան1lur.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը.

  - Պրն Ուրիխանյան, ի վերջո, ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք:

  - Չեմ ցանկանում, որպեսզի մեզ հրամցվի կամ պարտադրվի որևէ ձևակերպում, կուզեի, որ հանրությունն ինքը գնահատեր մեր իրական գործունեությունն ու թող որ հայաստանցիներին բարեկեցություն, արժանավայել կյանք ապահովելուն ուղղված մեր գործողություններից էլ թող բխի այն ձևակերպումը, որը հանրությունն ինքը կտա: Կարևոր են գործերն ու արդյունքները, նախաձեռնություններն ու դրանց իրագործումը, իսկ դրա համար անհրաժեշտ է տարբերվող, ուրիշ, այլ, այլընտրանքային մոտեցում խնդիրների լուծմանը, իրավիճակի ու երևույթների օբյեկտիվ ու ադեկվատ գնահատում` դրանից բխող քայլերով: Սա է ԲՀԿ-ի որդեգրած կուրսը:

  - Ե՞րբ կլինի նախագահական ընտրություններում մասնակցության ձեւաչափի վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարությունը:

  - ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը, սեփական գործողությունների մասին որոշումն ու մեր հայտարարությունը կհրապարակվի տրամաբանական ժամկետների ընթացքում, այն պահին, երբ մենք նպատակահարմար կգտնենք դա անելու:

  - Օրերս Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իր կարծիքով, ԲՀԿ-ն պետք է հանդես գա սեփական թեկնածուով եւ դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, եթե` ոչ, ապա ինքը պատրաստ է իր ուսերին ստանձնել այդ պատասխանատվությունը…

  - Պարոն Օսկանյանը, անշուշտ, մեր կուսակցության առանցքային դեմքերից մեկն է, բայց ոչ միակը, նրա դիտարկումները միանշանակ արժանի են ուշադրության, բայց ես պարտավոր եմ հայտնելու կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, որն ինչպես ասվեց դեռ չի ներկայացվել:

  - ԲՀԿ-ն բոյկոտել էր ԱԺ աշխատանքները, սակայն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին ԲՀԿ-ն կմասնակցի ԱԺ քառօրյային: Ի՞նչ է փոխվել:

  - Խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանը հենց ի սկզբանե իր ելույթում ասել էր, որ մենք բոյկոտելու ենք այդ քառօրյան, հաջորդ քառօրյաներին մեր մասնակցության հարցը կքննարկվի լրացուցիչ: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ որևէ մեկը այլևս չշահարկի այդ թեման, ստեղծված իրավիճակը մեզ պարտադրված էր: Բոլորի համար հասկանալի է, որ քաղաքական մեծամասնության գոյության պարագայում անարդար որոշումների վրա միայն չմասնակցելով կարելի է ազդել, բայց չնայած այդ դժվարություններին ու խոչընդոտներին մենք պարտավոր ենք կատարել այն աշխատանքը, որը մեզ հանձնարարել են ընտրողները և առաջին հերթին գործածել ընտրողների կողմից մեզ տրամադրված հարթակը: Ի տարբերություն շատ այլ ուժերի մեզ համար ամենառաջնայինը հայաստանցու խնդիրների լուծումն է, այլ ոչ թե աշխատանքի ֆորմատի ձևական կողմը:

  - Ըստ Ձեզ, ո՞րն է լինելու Օսկանյանի գործի տրամաբանական շարունակությունը եւ ավարտը:

  - Ես արդեն որակել եմ այն որպես արդարության և անարդարության բախում և ցավոք սրտի անարդարությունը, հույսով եմ ժամանակավորապես, հաղթեց: Ուզում եմ հավատալ, որ իրավիճակը կփոխվի: Միջնորդությունը ԱԺ ներկայացնելու առաջին իսկ օրը ԲՀԿ քաղաքական խորհուրդը տվեց դրան հստակ որակում:

  - Հնարավո՞ր համարում եք, որ հետապնդումներ սկսվեն ԲՀԿ մյուս անդամների նկատմամբ:

  - Երկիրը զարգացման ու առաջընթացի նոր փուլ հանելու մեր նպատակին հասնելու ճանապարհին միշտ էլ եղել են և լինում են բազմաթիվ խոչընդոտներ: Քանի որ մեր ձգտումներն արդար են, իսկ նպատակներն ազնիվ, վստահ եմ, Աստված կպահպանի մեզ բոլոր անարդարություններից: Բայց թող որ բոլորը հիշեն հետապնդել ԲՀԿ (օգտագործում եմ Ձեր բառը) կարող է նշանակել հետապնդել շուրջ կես միլիոնի հասնող ձայների, հետապնդել մեր հանդեպ օրեցոր աճող վստահությունը և այն հույսերը, որոնք մարդիկ կապում են մեր թիմի ու առաջնորդի հետ:

  - Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը հայտարարել են, որ պատրաստ են ԵԽԽՎ պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել Օսկանյանին: Եթե համաձայնվի պրն Օսկանյանը, կարո՞ղ ենք փաստել, որ այդ կերպ որոշակի անձեռնամխելիություն կտրվի նրան:

  - Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Հովհաննիսյանի այդ պատրաստակամությունը միանշանակ խոսում է նրանց հոգեկերտվածքի վեհության, կուսակցական գործընկերոջը վայել դրսևորմամբ, Վարդան Օսկանյանին աջակեցելու և սատարելու մասին: Մենք բոլորս` ամբողջ թիմով, առաջնորդի գլխավորությամբ օժանդակելու ենք Վարդան Օսկանյանին, իսկ ինչ վերաբերվում է ԵԽԽՎ պատվիրակության կազմում նրա ընդգրկվելու հարցին, ապա անհրաժեշտության դեպքում դա բնականաբար կարող է տրամաբանական քայլ լինել:

1lur.am 13.10.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...