Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ.«Հոգուս խորքում կցանկանամ ՔԻՉ ԱՇԽԱՏԵԼ, ՇԱՏ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ»

Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ.«Հոգուս խորքում կցանկանամ ՔԻՉ ԱՇԽԱՏԵԼ, ՇԱՏ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ»Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում Է պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ:

  -Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

  - Եթե անկեղծ լինեմ, կխոստովանեմ, որ ես էլ շատ-շատերի պես հոգուս խորքում կնախընտրեմ ոչ մեկը, ոչ էլ մյուսը, այլ պարզապես կցանկանամ քիչ աշխատել, շատ հանգստանալ, վայելել կյանքը... Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գերծանրաբեռնված են աշխատանքով, ինձ իսկապես կհասկանան: Սակայն կյանքում այդպես չի լինում: Մեզ ամեն օր սպասում են շատ կարևոր ու անհետաձգելի գործեր, որոնք մեզնից պահանջում են թե աշխատասիրություն, թե ընդունակություններ:

  - Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

  -Չէի ցանկանա առանձնացնել կոնկրետ մեկը: Խելացի մարդկանց կողմից ասված իմաստուն մտքերը ես աշխատում եմ մուտքագրել հիշողությանս մեջ և կյանքի տարբեր իրավիճակներում օգտագործել դրանք` որպես խորհուրդ:

  - Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

  - Թշնամուն բնավորության գիծ նվիրելուց առաջ հարկավոր է նախևառաջ ձեռք բերել թշնամի: Ես, որպես հայ քրիստոնյա, նախընտրում եմ մտածել, որ թշնամիներ չունեմ, համենայն դեպս՝ ինձ հայտնի… Եթե օրերից մի օր ինքս ինձ համար բացահայտեմ, որ ձեռք եմ բերել թշնամիներ, նշանակում է՝ իմ կյանքում ինչ-որ մի պահ, ինչ-որ մի բան ճիշտ չի ընթացել: Ես դա չէի ցանկանա:

  - Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

  -Նման մարդկանց ես աշխատում եմ վերաբերվել հանգիստ, առանց ավելորդ և անիմաստ նյարդայնության: Եթե մարդն ունակ է վաճառքի հանել ցանկացած բան, նշանակում է` նա զուրկ է կյանքի իրական արժեքներից: Նման մարդկանց պատճառով չարժե նյարդայնանալ, նրանք արժանի են ընդամենը արհամարհանքի: Ցավոք, այդպիսի երևույթներ մեր իրականթույան մեջ հանդիպում են և ոչ հազվադեպ:

  - Ի՞նչ է Ձեզ համար փողը:

  -Միջոց, ոչ ավելին…

   - Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

  -Ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրը… Այս պահի դրությամբ խոսքս միայն ծնողներիս մասին է, սակայն հուսով եմ, որ ապագայում ընտանիքս կհամալրվի նոր անդամներով:

  -Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

  -Մանկության տարիներին սարսափելի վախենում էի բարձրություից և բաց էլեկտրական լարերից: Իսկ հիմա բարձրությունից և էլեկտրական լարերից բացի ինձ վախացնում են նաև սուտն ու որոշ կանայք. «որոշ» բառը կցանկանայի մեկ անգամ ևս շեշտել…

  - Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

  -Ցավոք, այդպիսի հիշողություններ իսկապես կան և դրանց թիվը մեկից ավելի է: Ես չէի ցանկանա հիմա վերհիշել և վերապրել դրանք: Ամեն դեպքում, վատ հիշողությունների չեզոքացման գործընթացն իմ ուղեղում արդեն սկսել եմ:

  - Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:

  - Անչափ շնորհակալ եմ Աստծուց և ճակատագրից, այն բանի համար, որ իմ կյանքը հագեցած է լավ ու բարի հիշողություններով, և վստահ եմ, որ այդ հուշերը միշտ էլ ինձ հետ են լինելու: Առհասարակ, միակ բանը, որ մարդ չի կարող կտակել կամ նվիրել մեկ ուրիշին, դա իր հուշերն են, և ես կարծում եմ, որ այն աշխարհ հեռանալիս` մենք մեզ հետ տանում ենք մի բան միայն` մեր լավ հիշողությունները:

  - Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

  -Ինչպես արդեն նշեցի, այս պահի դրությամբ ընտանիքս բաղկացած է միայն ծնողներիցս, և ես իմ կյանքը բնականաբար չեմ պատկերացնում առանց ընտանիքիս:

  - Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

  - Իմ հաջորդ կյանքում էլ ես կցանկանայի ազգությամբ հայ լինել, ապրել Հայաստանում, աշխատել խորհրդարանում` որպես պատգամավոր և Բարգավաճ Հայաստան կուսակցությունում` որպես խոսնակ: Ցանկալի է նաև, որ կրեի նույն անունը, ազգանունը և հայրանունը, որը հիմա ունեմ, և իմ հաջորդ կյանքը լիներ իմ այս կյանքի տրամաբանական շարունակությունը: Միայն լավ կլիներ, եթե մի քիչ ավելի շատ ճանապարհորդելու հնարավորություն ունենայի և ազատված լինեի ավելորդ քաշից:

  - Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

  -Կբողոքեի այն ամենից, ինչից որ վախենում եմ` բարձրությունից, բաց էլէկտրական լարերից, ստից ու «որոշ» կանանցից…

  - Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

  - Ինձ զայրացնում և վիրավորում են այն բամբասանքները, որոնք ոչ թե պարզապես ուռճացնում են իրականությունը, այլ հանդիսանում են իրականության ճիշտ և ճիշտ հակառակ պատկեր: Եթե մարդ հանդիմանանքի է արժանանում իր կատարած սխալի համար, դա արդարացի է: Սակայն, շատ ցավալի է, երբ ստիպված ես պատասխանատվություն կրել ուրիշի հորինած ստի համար: Իսկ զվարճալի ասեկոսեներից… Նախանցյալ տարի համառորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ես ամուսնացել եմ և հասցրել եմ աղջիկ ունենալ: Այս ասեկոսեն ինձ մոտ որոշակի հույզեր առաջացրեց:

Asekose.am 23.10.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...