Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Այսօրվա նիստը դարձավ դիմակների պատռման նիստ. Տիգրան Ուրիխանյան

Այսօրվա նիստը դարձավ դիմակների պատռման նիստ. Տիգրան Ուրիխանյան  Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի դեկտեմբերի 3-ի նիստը, որտեղ քննարկվել է Հայ ազգային կոնգրես խմբակցության առաջարկած նախագիծը` 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, դարձավ դիմակների պատռման նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը:

  Բանն այն է, որ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել եւ ասել, թե չի կարողանա մասնակցել նոյեմբերի 28-ին կայանալիք ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում ներառված է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, բայց նա կողմ է այդ հարցն ԱԺ օրակարգ մտցնելուն: Իսկ նիստին նա չէր կարողանալու մասնակցել, քանի որ այդ նույն ժամանակ Բրյուսելում մասնակցելու էր Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին:

  Դեկտեմբերի 2-ին Բրյուսելից վերադառնալուց հետո նա մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական ամփոփիչ համաժողովներից մեկին, սակայն միջանկյալ օդանավ նստելիս, իմանալով նիստի նշանակման եւ իր բացակայության հետ կապված շահարկումների մասին, անմիջապես վերադարձել է Հայաստան: «Շատ զարմացա, որ հայտնվեցին ոմանք, որոնք չնայած նախազգուշացմանս, հանրությանը տեղեկացնելուս, թե ինչ պատճառով եմ Բրյուսելում ներկա գտնվելու, այնուամենայնիվ շահարկեցին: Խոսեցին այն մասին, որ այս բրյուսելյան հանձնաժողովը հերթական անգամ ԲՀԿ-ին փրկեց: Ուզում եմ հարցնել, թե այդ մարդիկ ոնց են նայելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության այն բնակիչների հարազատների աչքերին, ովքեր ուղղակի օդային փոխադրամիջոց չունենալու պատճառով մահացել են Երեւանի ճանապարհին հիվանդանոց չհասնելու հետեւանքով»,- ասաց պատգամավորը:

  Նա նշեց, որ մարտի 1-ի հետ կապված հանձնաժողով ստեղծելու նախագիծը 4 անգամ մտել է պետաիրավական հանձնաժողովի օրակարգ. որոնցից 2 անգամ ինքը ներկա է եղել եւ 2 անգամ էլ հարցը հետաձգվել է, իսկ 2 անգամ բացակայել է օբեյկտիվ եւ ընդունելի պատճառներով, սակայն 2 անգամ էլ շահարկվել է:

  Թե այսօրվա նիստին ում դիմակը պատռվեց, Տիգրան Ուրիխանայնը ձեռնպահ մնաց անուններ նշելուց` հավելելով, որ բոլոր նրանց, ովքեր թույլ չտվեցին, որպեսզի տեղի ունենա հանրությանը հուզող հարցերի դիտարկում, քննարկում: «Նիստին հետեւեք եւ տեսեք, այդտեղ հոծ բազմություն չէր»,- ասաց նա:

  Մեր հարցին, թե կարելի՞ է ասել, որ հիասթափված եք ՀԱԿ-ի պահվածքից, նա այսպես պատասխանեց. «Ես չեմ կարող ասել` դա ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումն էր, թե Ջհանգիրյանի որոշումն էր: Ես կարող եմ ասել հետեւյալը. ինձ համար հասկանալի չէր, եթե քաղաքական մեծամասնությունը խոսում էր հարցը չքաղաքականացնելու եւ նախագահական ընտրություններից հետո այն քննարկելու մասին, ապա Նաիրա Զոհրաբյանի առաջարկը` հանձնաժողով ստեղծելու, բայց նախագահական ընտրություններից հետո կոնկրետ կետով գործառույթ իրականացնելու ժամկետի սահմանման մասին ինչո՞ւ չընդունվեց, հետեւաբար` եզրակացությունները թողնում եմ ձեզ եւ հանրությանը»:

  Տեսնո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ական պօատգամավորը այստեղ ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի «մինի երկխոսության տարրեր», նա նշեց, որ շատ է ցանկանում, որպեսզի փաստացի տեղի ունեցած իրադարձություններն իրենց առկայությամբ դառնան պատասխաններ հանրության համար եւ լրատվամիջոցների համար, եւ եզրակացություններ` որակումների ձեւաչափի մեջ, չի ցանկանում անել. ամեն ինչ շատ պարզ է:

  Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այս միջադեպը սեպ խրի ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցության մեջ, նա պատասխանեց, որ «որեւէ համագործակցության որեւէ ուժի հետ կարող է լինել Հայաստանի հանրապետությունը զարգացման եւ առաջընթացի նոր փուլ հանելու, ժողովրդին հուզող խնդիրներ բարձրացնելու, ժողովրդանպաստ լուծումներ առաջարկելու համար եւ դրա շուրջ, մնացած հարցերը երկրորդական են, եթե իհարկե չկան սկզբունքային հակասություններ եւ խնդիրներ»:

  Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովում այսօր` դեկտեմբերի 3-ին քննարկվել է Հայ ազգային կոնգրես խմբակցության առաջարկած նախագիծը` 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովում մեծամասնություն կազմող իշխանական կոալիցիան ընդունեց ՀԱԿ առաջարկը, սակայն պայման դրեց` քվեարկությունը հետաձգել մեկ տարի ժամանակով: Նախագծի հեղինակները կարող են այն քվեարկության դնել մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի: ՀԱԿ կողմից նախագիծը ներկայացնում էր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով ընդունեց պայմանը, իսկ նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ նախագահական ընտրություններից հետո կրկին ներկայացնելու է որոշման նախագիծը:

News.am 03.12.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...