Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ կրում է ու կրելու է կորուստներ. Տ.Ուրիխանյան

Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ կրում է ու կրելու է կորուստներ. Տ.Ուրիխանյան  «Իմ համոզմունքով ` այս երևույթը կարելի է բացատրել որպես ալիևյան ռեժիմի անկարողություն` ադրբեջանցիներին որևէ այլ կերպ սեփական ռեժիմի գոյության նպատակահարմարությունն ապացուցելու առումով, ինչի համար էլ կիրառվում է Հայաստանի հանդեպ գազանային, ռամիլսաֆարովյան գործողություններ իրականացնելը» ,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով վերջին օրերի սահմանային լարվածությունը:

  «Հայաստանի Հանրապետությունը պետք է ուժեղանա, զարգանա ու հզորանա»,-ասաց նա , ապա շարունակեց,-Հայաստանի պաշտպանական համակարգը պետք է հզորացվի ճիշտ այնպես ու ճիշտ այնքան, որպեսզի թշնամին հասկանա, որ ցանկացած ոտնձգության դեպքում անգամներով ավելի ցավոտ պատասխան է ստանալու ու լուրջ հետևանքներ ունենալու»:

  «Պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը պետք է տարվի այնպես, որ միջազգային հանրությունը պարտավոր լինի ադեկվատ գնահատական տալ Ադրբեջանի հակամարդկային, միջազգային նորմերին չհամապատասխանող, սեփական ստորագրությամբ որոշակի պարտավորություններին հակասող գործողություններին: Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության կարգավորմամբ զբաղվող մանդատ ունեցող կազմակերպության համանախագահները ու հատկապես ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահը, որը պաթետիկ տոնով վերջերս հայտարարություններ էր անում, ևս տա ողջամիտ ու օբյեկտիվ գնահատական: Բայց նա լռում է»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

  Ինչ վերաբերում է պատերազմի հավանականության մասին խոսակցություններին, որոնք հատկապես ակտիվանում են ամեն անգամ, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ալիևը պետք է հանդիպեն, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ակնհայտ է` Ադրբեջանը փորձելու է առաջիկայում և’ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում շահարկել թեման, և’ միջազգային տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև նախագահների հանդիպումից առաջ այսպիսի շանտաժի լեզվով ու միջոցով բանակցությունների ընթացքում փորձելու է ինչ-որ բան պոկել իր համար»:

  Նրա խոսքով, տեսականորեն Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի պաշտպանվելու ցանկացած և հատկապես թշնամաբար տրամադրված ռեժիմից:

  «Բայց ես շատ եմ ուզում, որ ադրբեջանցի ժողովուրդը գիտակցի, որ այն, ինչ արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, վնասում է հենց իրենց: Սա շատ կարևոր միտք է, որ պետք է արծարծվի, որը նաև միջազգային հանրությունը, միջնորդ կազմակերպությունները պետք է Ադրբեջանին բացատրեն. Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ կրում է ու կրելու է կորուստներ, որ վարկաբեկվում ու խայտառակվում է ամբողջ աշխարհով մեկ, որ տեղի ունեցածը տարիներ ու տասնամյակներ անց էլ հետևանքներ է թողնելու իրենց իսկ վրա և Ադրբեջանի հանրությունը պիտի իր իշխանության հետ այս թեմայի շուրջ երկխոսի»,- հավելեց Տիգրան Ուրիխանյանը:

Panorama.am 04.08.2014թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...