Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Շարմազանովի գիտցած բոլոր երգերը Ծառուկյանի մասին են

Շարմազանովի գիտցած բոլոր երգերը Ծառուկյանի մասին ենՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, կարելի է ասել, թեւակոխել են սադրանքների եւ փորձությունների շրջան: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի շտապում ամբողջությամբ բացել խաղաքարտերը, ՀՀԿ ղեկավարն էլ չի պատրաստվում ամբողջությամբ այրել ԲՀԿ-ի հետ կապող բոլոր կամուրջները: Արդյունքում ականատեսն ենք լինում մի զավեշտալի իրավիճակի, որտեղ հայտնի ճշմարտությունները «հավատում եմ-չեմ հավատում» դիրքերից են մեկնաբանվում:


  Եվ այսպես, մինչ ամենքը սպասում են Ծառուկյանի հայտարարությանը՝ նախագահական ընտրությունների մասին, նրա փոխարեն ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է հայտարարությամբ հանդես գալիս: Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով, արդեն գրեթե կասկած չի հարուցում: Վարդան Օսկանյանի հայտարարության համաձայն, ԲՀԿ-ն պետք է ունենա իր թեկնածուն, եւ եթե դա չլինի Գագիկ Ծառուկյանը, ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը: Իհարկե, հայտարարվեց, որ սա դեռեւս ԲՀԿ դիրքորոշումը չէ, եւ առայժմ միայն հարգում են Օսկանյանի կարծիքը, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Թերեւս Օսկանյանը չէր կարող նման հայտարարություն անել՝ առանց Ծառուկյանի գիտության:

  Ավելին, հայտարարության ժամանակն անգամ հաշվարկված էր, եւ դա արվեց այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Ծառուկյանը հայտարարեց, որ ամբողջությամբ տեղյակ է Օսկանյանի շուրջ կատարվող գործընթացից, եւ, սկսած փաստաբանների ընտրությունից մինչեւ կուսակցության «կոշտ հայտարարություն», տեղի է ունեցել իր վերահսկողությամբ ու գիտությամբ: Եթե մի պահ ենթադրենք, որ Օսկանյանն իր հայտարարությունը կարող էր առանց Ծառուկյանի հետ խորհրդակցելու անել, կնշանակի ԲՀԿ-ում ներկուսակցական լուրջ խմորումներ են սկսվել, եւ Ծառուկյանը չի տիրապետում իրավիճակին: Պարզ ասած՝ ակնհայտ է, որ Ծառուկյանն առաջ մղեց Օսկանյանին, որպեսզի, քաղաքական պատեհությունից ելնելով, համագործակցի Սերժ Սարգսյանի հետ: Թերեւս այս նկատառումով էր, որ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել Օսկանյանի հայտարարությունը՝ հիշեցնելով, որ 2011թ. փետրվարին ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագիր է ստորագրել եւ պարտավորվել է սատարել գործող նախագահին:

  2011-ին կոալիցիոն հուշագիր իրոք ստորագրվել է, բայց դրանից հետո տարատեսակ գործընթացներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում այդ տխրահռչակ փաստաթուղթն առոչինչ է: Փաստաթուղթն առոչինչ դարձավ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն այլեւս մաս չկազմեց կոալիցիային։ Երեկ մեզ հետ զրույցում ՀՀԿ խոսնակին այսպես հակադարձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Խոսքը վերաբերել է կոալիցիոն գործընկերներին, եթե գործընկերներից մեկը չկա այդ կոալիցիայում, ուրեմն այդ պարտավորությունը թող կատարեն նրանք, ովքեր մնացել են այդ կոալիցիայում,- նշեց ԲՀԿ խոսնակը՝ շարունակելով:- Այդ փաստաթղթերն իրավական հետեւանքներ չեն կարող ունենալ: Բարոյական հիմքերը, բարոյական աջակցությունը, որը մենք տրամադրել ենք, բազմիցս ասվել է, նախագահի արտաքին քաղաքականություն վարելու, արտաքին աշխարհում ամուր իրեն զգալու, առավել արդյունավետ շարժվելու նպատակ էր հետապնդում: Ինչ վերաբերում է փաստաթղթի տակ մեր ստորագրությանը, որը գործընկերս է նշել, կրկնում եմ, որ փաստաթուղթն իրավական հետեւանքներ ունենալ չի կարող»:

  «Այն, որ մեզ անընդհատ մատնացույց են անում, որ ստորագրել եք կոալիցիոն հուշագիրը, կրկնում եմ՝ մենք ստորագրել ենք այն ժամանակվա կոալիցիոն հուշագրից բխող փաստաթղթերի տակ, որոնց ուժն այլեւս կորցված է: Կարճ ասած՝ եթե կոալիցիա չկա ԲՀԿ-ի մասնակցությամբ, չկա նաեւ կոալիցիոն գործընկերություն, որեւէ ձեւաչափի միավորում գոյություն չունենալու պարագայում համապատասխանաբար միավորման ներկայումս գոյություն չունեցող կամ չմասնակցող անդամները չեն կարող կրել այդ պարտավորությունը»:

  Փորձեցինք լսել նաեւ Շարմազանովին: «Իրավական հետեւանքներն ի՞նչ կապ ունեն: Ես չեմ ասում՝ պիտի սատարեն կամ չպիտի սատարեն: Ես ասել եմ, որ ԲՀԿ կուսակցության առանձին մարդկանց կարծիքն ինձ համար պաշտոնական չի, ինձ համար պաշտոնական է առ այն, որ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, համաձայն որի՝ 2013-ի նախագահական ընտրություններին սատարելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ես ասել եմ այն, ինչ կա: Հիմա պարոն Ուրիխանյանն ի՞նչ է կարծում, պարոն Ուրիխանյանը, պարոն Պողոսյանն ու Պետրոսյանը… դա իրենց անձնական կարծիքն է»,- իր ասածին մնաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով. «Երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի, որ իր ստորագրությունն առոչինչ է, այդքանը կընդունենք մենք ի գիտություն»:

  Շարմազանովին առաջարկեցինք մեկնաբանել՝ ՀՀԿ-ի համար կոալիցիոն փաստաթուղթը գործո՞ւմ է, թե՞ ոչ, եթե չկա կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, որի հետ պայմանավորվածություն էին նախկինում ձեռք բերել: «Մեզ համար կոալիցիոն փաստաթուղթն այլ է, նախագահական ընտրությունների հետ կապված դիրքորոշումը՝ այլ»,- նետեց Շարմազանովը: Բայց նախագահական ընտրությունների վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել կոալիցիոն հուշագրին կից փաստաթղթում՝ հիշեցրինք նրան, սակայն անհաղթ Շարմազանովի գիտցած բոլոր երգերը մի բանի մասին էին: «Մեզ համար նախագահական ընտրությունների հետ կապված այլ պաշտոնական տեսակետ, քան Գագիկ Ծառուկյանի 2011 թ. ստորագրությունն է …»,- գլուխներդ չցավեցնենք՝ նույն ֆրազը կրկնելով:

«Հրապարակ» օրաթերթ 11.10.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...