Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ-ում «գույքագրում են հնարավորությունները»

ԲՀԿ-ում «գույքագրում են հնարավորությունները»  ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ մարդիկ կգնան փոփոխությունների ետեւից:

  - Շատ կուսակցություններ արդեն իսկ հրապարակել են դիրքորոշումները՝ ՏԻՄ ընտրություններում ակտիվ մասնակցության վերաբերյալ: ԲՀԿ-ում քննարկվե՞լ է՝ ի՞նչ ձեւով եւ չափով եք պատկերացնում այդ ընտրություններին մասնակցությունը: Նախագահական ընտրություններից առաջ որքանո՞վ են ԲՀԿ-ում կարեւորում տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք մշտապես եւ ամենալուրջ դերակատարումն են իրականացնում համապետական ընտրություններում:

   - Համայնքից է սկսվում պետությունը, եւ համայնքի բարեկեցությունից, զարգացվածությունից, բարվոքությունից ու առաջընթացից է կախված երկրի, պետության զարգացումն ու առաջընթացը: ԲՀԿ-ում, ինչպես հաճախակի լինում է, ամեն ինչ շատ ավելի բնականոն եւ օրինաչափ է իրականացվում, քան սպասում, ենթադրում կամ մտացածին կարծիքներ են տարածում շատերը: Շատ պարզ գործընթացում ենք հիմա՝ զննում ենք դաշտը, մեր կարողությունները, գույքագրում ենք հնարավորությունները: Այն համայնքներում, որտեղ ունենք հարգարժան, հեղինակություն վայելող մարդիկ, նրանք, ովքեր վստահություն ու հավատ են ներշնչում մարդկանց, որ կարող են շենացնել ու զարգացնել, բարգավաճման եւ բարեկեցության ճանապարհով տանել տվյալ պատասխանատվության տիրույթը, նրանք, ովքեր արժանի են ԲՀԿ-ի կողմից առաջադրվելու, ԲՀԿ-ի սատարումը ստանալու՝ միանշանակ կառաջադրվեն մեր կողմից:

   Ինչ մնում է Գյումրիին, որտեղ ունենք երեք թեկնածու, այս պահին վերլուծություններ եւ քննարկումներ են իրականացվում երեքի հնարավորությունների առումով, երեքից մեկը կառաջադրվի:

   - Կա՞ խնդիր, որ բոլոր այն տեղերում, որտեղ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն շատ ձայներ հավաքեց, անպայման թեկնածուներ ունենալ:

   - Ես հատուկ շեշտադրեցի անհատների խնդիրը: Բնակիչներն ընտրելու են մարդու, ով ներկայացնելով համապատասխան ծրագրեր՝ հետո դրանք նաեւ պետք է իրագործի: Եթե նույնիսկ ինչ-որ մի համայնքում ԲՀԿ-ն համամասնական ընտրակարգի ժամանակ արժանացել է մեծ վստահության քվեի, բայց այդտեղ չկա մարդ, որն ընդունակ է համայնք ղեկավարելու ու պատասխանատվություն կրելու նախեւառաջ իրեն առաջադրած կամ սատարող կուսակցության առջեւ, իհարկե՝ չենք առաջադրի:

  - Այլ քաղաքական ուժերի հետ կա՞ն քաղաքական կոնսուլտացիաներ՝ իրենց թեկնածուներին սատարելու վերաբերյալ: Ասենք, հնարավոր է, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» կամ ՀԱԿ-ը ուժեղ թեկնածու ունեն այնտեղ, որտեղ ԲՀԿ-ն չունի. դուք կսատարե՞ք նրան:

  - Կուսակցական համագործակցություն ձեւակերպումը ես այստեղ չեմ ընդունում: ՏԻՄ ընտրությունները պիտի տեղավորվեն համապատասխան անհատների եւ տվյալ համայնքի զարգացմանը վերաբերող ներկայացված ծրագրերի շրջանակներում: Մարդիկ պետք է լինեն, ովքեր տվյալ համայնքը ղեկավարելու պարտականություն պետք է ստանձնեն: Կուսակցական պատկանելությունն այստեղ առաջնային չի կարող լինել: ՏԻՄ ընտրություններում շեշտադրումը պետք է լինի կոնկրետ անհատի վրա: Եթե լավ թեկնածու է, ունի համապատասխան եւ իրատեսական ծրագրեր, որոնք կբերեն դրական արդյունքների՝ կուսակցական պատկանելությունը երկրորդ պլան է մղվում:

  - Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ ասել է. «Այսօրվա կոալիցիան կունենա իր միասնական թեկնածուն՝ ի դեմս գործող նախագահի, եւ եթե համամասնական ընտրակարգով իրենց ստացած ձայները գումարում եք, տեսնում եք, որ 50 տոկոս չեն, իսկ սա նշանակում է, որ 50 տոկոսից ավելի դաշտ կա, որը ցանկացած քաղաքական ուժ պետք է իր առջեւ խնդիր դնի համախմբել»: Համաձա՞յն եք այս գնահատականի հետ եւ ԲՀԿ-ի տեղն ու դերը ո՞նց եք պատկերացնում:

  - Հարգանքով վերաբերվելով խորհրդարանական գործընկերոջս եւ իր հայտնած կարծիքին՝ այնուհանդերձ, ես միանշանակ համաձայն չեմ այդ գնահատականի հետ: Կարծում եմ՝ անցած տարիների քաղաքական տարբեր շրջաններում տեղի ունեցած դրական եւ բացասական իրադարձությունները ցույց տվեցին մի բան՝ հասարակությունը, կարծես, այլեւս կենտրոնացած է ոչ թե ներքին ստատուս-քվոն պահպանելու կամ կտրուկ փոփոխությունների, այլ այն ուժերի եւ առաջարկների վրա, որոնք հստակ նշում են, թե ի՞նչ հանգամանքներում եւ ինչպե՞ս են պատրաստվում որակական փոփոխություններ արձանագրել հայաստանցիների կյանքում:

  - Թեեւ ԲՀԿ-ում քանիցս հերքեցին ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, այնուհանդերձ, ինչո՞վ կբացատրեք առաջին նախագահի նպատակաուղղված դրական վերաբերմունքը ԲՀԿ-ին, ինչի ապացույցներից մեկն էլ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում նրա հնչեցրած գնահատականներն էին, այն պարագայում, երբ ոչ վաղ անցյալում նույն մարդը ԲՀԿ-ին համարում էր ավազակապետության մի մաս:

  - ԲՀԿ-ին գովում են բոլորը, ինչո՞ւ եք կենտրոնանում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածների վրա: Այդ գովեստները, կարծում եմ, պայմանավորված են երկրի քաղաքացիների շահերից բխող ԲՀԿ-ի ցանկություններով, գործողություններով, համոզմունքների մեջ տեղավորվող գործունեությամբ, հաստատուն եւ կանխատեսելի քաղաքական քայլերով, թիմով, առաջնորդով, աշխատանքի արդյունավետությամբ…

  Ինչ մնում է առաջին նախագահին՝ մարդիկ փոխում են իրենց կարծիքները, մարդը փոխել է իր կարծիքը: Կարծում եմ՝ ճիշտ է այն ձեւակերպումը, որն անընդմեջ արտահայտում ենք՝ ավելի լավ է մենք ոչինչ չասենք եւ անենք, ու մեր աշխատանքը հանրության եւ քաղաքական գործիչների մոտ կբերի մեր գործունեության վերաբերյալ ձեւակերպման: Ես միայն ուրախանում եմ, որ մեր գործելակերպը մարդկանց մոտ գովեստ է առաջացնում: Որ մարդիկ մեզ գովում են՝ դրանով պայմանավորել ինչ-որ համագործակցություն, ճիշտ չէ:

  «Մարդիկ փոփոխություններ են ուզում ոչ թե վերնախավում, ոչ թե կառավարման համակարգում, այլ իրենց առօրյայում եւ կենցաղում: Եթե կլինեն քաղաքական ուժեր կամ անհատներ, որոնք կհամոզեն մարդկանց՝ կրիտիկական կոչված զանգվածը կկանգնի հենց այդ ուժի կամ անհատի թիկունքում եւ ոչ թե բողոքականություն կամ իշխանական համոզմունք արտահայտողի»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Առավոտ օրաթերթ 12.07.2012թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...