Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

«Պարոն Ծառուկյանի կալիբրի քաղաքական գործչի հետ բոլորը միշտ ուզում են հանդիպել»

«Պարոն Ծառուկյանի կալիբրի քաղաքական գործչի հետ բոլորը միշտ ուզում են հանդիպել»  

  Չնայած Գագիկ Ծառուկյանի Բրյուսելում արած խիստ ընդդիմադիր հայտարարություններին, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», ԲՀԿ-ն այդպես էլ չի կողմնորոշվում` ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք: Երեկ պարոն Ծառուկյանի բրյուսելյան այցի առթիվ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:

  - Պարոն Ուրիխանյան, ինչպե՞ս է ստացվել, որ պարոն Ծառուկյանը, գնալով Բրյուսել` հանդիպել է ԵԽ փոխնախագահներից մեկի հետ, ով վերջին անգամ ԵԽ փոխնախագահ եղել է 2004 թվականին, գործող փոխնախագահների հետ հանդիպումը չի՞ ստացվել:

  - Հանդիպումները ստացվել են բազմաթիվ ներկայացուցիչների ու պաշտոնատար անձանց հետ:

  - Այնուամենայնիվ` ինչո՞ւ ԵԽ գործող համանախագահի հետ չի հանդիպել:

  - Բազմաթիվ գործող պաշտոնատար անձանց հետ տեղի է ունեցել հանդիպում:

  - Տեղեկություններ ու գնահատականներ կան, որ պարոն Ծառուկյանի հանդիպումների մի մասը գոնե ձախողվել է Բրյուսելում...:

  - Պարոն Ծառուկյանի կալիբրի քաղաքական գործչի հետ բոլորը միշտ ունեն ցանկություն հանդիպելու, հանդիպում են մեծ հաճույքով և ուրախությամբ` ցանկացած երկրից և ցանկացած միջազգային կամ միջպետական միավորումից:

  - Իսկ ինչպե՞ս է արտահայտվել ու դրսևորվել այդ ուրախությունը Բրյուսելում:

  - Դա կարող եք հարցնել Եվրախորհրդարանի պատկան մարմնի լիազոր ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են ուրախության վերաբերյալ մեկնաբանություններ տալու:

  - Պարոն Ծառուկյանը Բրյուսելում հայտարարություն է արել կոռուպցիայի մասին` ասելով, որ Հայաստանում հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ կոռուպցիոներներն են այդ պայքարը ղեկավարում: Կարելի՞ է արձանագրել, որ ԲՀԿ-ն փոխել է կուրսը և դարձել է ընդդիմադիր:

  - ԲՀԿ-ն միշտ խոսել է այն թեմաների մասին, որոնք որ օրհասական են եղել ժողովրդական լայն զանգվածների համար, որոնք որ բարձրացվել են հանրության կողմից. ներկայացվելով մեզ` միջնորդավորված կերպով բարձրացվել են մեր կողմից, և այն ամենը, ինչ որ ասում է պարոն Ծառուկյանը, այդ ամենն ասում են ՀՀ միլիոնավոր քաղաքացիներ:

  - Հիմա ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ այլընտրանք է: Նշանակո՞ւմ է` այսուհետ ԲՀԿ-ն ընդդիմություն է, եթե նման տեսակետ է ներկայացնում:

  - Որևէ նոր ձևաչափ մեր խոսքերում, մեր արտահայտություններում, մեր դիրքորոշումներում չկա: Մենք միշտ խոսել ենք ժողովրդի շահից, երկրի շահից, ՀՀ քաղաքացիների կյանքում որակական փոփոխություն իրականացնելու տեսանկյունից: Մենք որևէ խնդիր չունենք ձևակերպում տալու մեր գործունեությանը, և երբևէ չեմ էլ պատրաստվում մեզ հրամցված ձևակերպումների մեջ տեղավորվել: Թող որ ժողովուրդը ու մեր համերկրացիներն էլ հենց գնահատեն մեր գործունեությունը:

  - Սակայն դուք` ԲՀԿ-ն, պետք է որոշի` ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, ոչ թե ժողովուրդը:

  - Ո~չ, ամեն ինչ մեր երկրում որոշում է ժողովուրդը: Վաղուց ժամանակն է` հասկանայիք դա: Եվ ես կոչ եմ անում ձեզ երբևէ չշեղվել ժողովրդի ցուցումներից, կատարել դրանք և առաջնորդվել միմիայն դրանով:

  - Ժողովուրդը ցուցում է տվել, որ պարոն Ծառուկյանը նման հայտարարությո՞ւն անի ԵՄ-ում:

  - Պարոն Ծառուկյանը, անկախ ամեն ինչից, միշտ առաջնորդվում է ժողովրդի շահով:

  - ՀՀԿ-ականներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում ինքնախոստովանական ցուցմունքով է հանդես եկել...

  - Բոլոր նման մարդկանց, ովքեր ԲՀԿ առաջնորդի հասցեին կամ նրա գործողությունների, կամ նրա արտահայտությունների հասցեին թույլ են տալիս նման ձևակերպումներ, առաջարկում եմ հիշեն, որ ԲՀԿ առաջնորդի հասցեին հնչեցված նման խոսքերի հեղինակներին հայաստանցիների միլիոնավոր զանգվածը կոշտ և վիրավորական արտահայտություններով է արձագանքում:

  - Տեղեկություն կա, որ նախկին ԲՀԿ-ական, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Ավետ Ադոնցը ԲՀԿ հանդիպումների կեսից անհասանելի է դարձել և չի մասնակցել դրանց:

  - Ավետ Ադոնցի հետ կապված ուզում եմ ընդգծել իր բարձր մակարդակի ծառայությունները և հավուր պատշաճի կատարվող աշխատանքը ՀՀ-ի համար:

  - Տեղեկություն կա, որ Գագիկ Ծառուկյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և նախապես տեղեկացրել է, որ առաջադրվում է: Սա չի՞ վտանգում ինքնուրույն քաղաքական ուժի կերպարը:

  - Ասեկոսեներ մեկնաբանելու ցանկություն առանձնապես չունեմ:

«Ժամանակ» օրաթերթ 07.12.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...